կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 17:37
Իրավական

Արթուրը որևէ մեկի հետ կոնֆլիկտ չուներ. հրապարակվեց Կայարանցի Թևոսիկի փեսայի ցուցմունքը

Արթուրը որևէ մեկի հետ կոնֆլիկտ չուներ. հրապարակվեց Կայարանցի Թևոսիկի փեսայի ցուցմունքը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօր հրապարակվեցին գործով մեկ տասնյակից ավելի վկաների նախաքննական ցուցմունքներ: Այդ վկաների ներկայությունը հնարավոր չէր եղել դատաքննության ընթացքում ապահովել:

Հիշյալ վկաների թվում են սպանության բացահայտմանը մասնակից ոստիկանության աշխատակիցներ, որոնց նկատմամբ պաշտպանության միջոցներ են կիրառված: Կեղծանուններով հանդես եկող երեք վկաներ իրենց նախաքննական ցուցմունքներում մանրամասն պատմել էին Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի՝ Ավո մականվամբ հանդես եկող Մոսոյի գաղտնի դիտարկման օպերացիայի մասին:

Հետևելով Մոսոյի տեղաշարժին՝ ոստիկանները պարզել են, որ նա 2014թ.ի փետրվարի 1-ին դուրս է եկել «Քինգ դելյուքս» ընկերության գրասենյակից, գնացել Արամ Խաչատրյան փողոցում գտնվող` Իսոյի՝ գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի տան մոտ, հետո այլ ուղղությամբ գնացել: Գաղտնի դիտման ընթացքում Մոսոյի մեքենան նկատել են «Մագնում» հյուրանոցից դեպի Զովունի տանող ճանապարհին, ընդ որում` երբ մեքենան իրենց մեքենային հանդիպակաց է երթևեկել, նկատել են, որ մեքենայի մեջ երկու անձ կա:

Իսրայել Սարգսյանը նշեց, որ կեղծանունով վկաներից որևէ մեկը կոնկրետ չի ասել, որ ինքը նստել է այդ մեքենան: Փաստ է միայն, որ մեքենայում երկու անձ է եղել:

Հրապարակվեցին նաև սպանված Արթուր Սաֆարյանի հարևաններից մի քանիսի նախաքննական ցուցմունքները, որոնցում նրանք պատմում են, թե ինչպես են կրակոցների ձայներ լսել և արթնացել:

Այսօրվա նիստում հրապարակվեց նաև Արթուր Սաֆարյանի քրոջ ամուսնու՝ գործով վկա Արթուր Հարությունյանի նախաքննական ցուցմունքը: Նա իր ցուցմունքում պատմել է, որ Արթուրը Հայաստանում աշխատանք չի ունեցել, վարել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա: «Արթուրը հասարակ կյանքով էր ապրում, իրեն շռայլություններ թույլ չէր տալիս»,- իր ցուցմունքում պատմել է վկան և հայտնել, որ Արթուրի սպանության օրը գտնվել է Բելգիայում: Նրա խոսքով՝ Արթուրն ու Իսոն նորմալ հարաբերություններ են ունեցել, նորմալ շփվել են, և որ Արթուրը որևէ մեկի հետ կոնֆլիկտ չուներ:

Հետաքրքրական էր նաև Մովսես Ներսիսյանի նախկին կնոջ՝ Սուսաննա Հակոբյանի ցուցմունքը: Կնոջ խոսքով՝ ինքը Մոսոյի հետ փաստացի ամուսնացած է եղել, նրանից որդի ունի: Ամուսնական կյանքի ընթացքում իրար հետ ապրել են վարձով՝ Երևանում, սակայն 2013թ. հունվարին ամուսնալուծվել են, և ինքը մեկնել է ՌԴ:

Վկայի խոսքով՝ ամուսնալուծությունից հետո Մոսոն որոշ ժամանակ բնակվել է Մոսկվայի հյուրանոցներից մեկում, հետո մի քանի օրով եկել իր մոտ՝ Կրասնոդար, ապա` վերադարձել Հայաստան: Վկան հայտնել է, որ 2014թ. փետրվարի 2-ից զանգահարել է Մոսոյին, սակայն չի կարողացել կապ հաստատել, հետո որդուց իմացել է, որ նա անհետացել է:

Նախաքննական ցուցմունքում կինը նշել է, որ չգիտի՝ Մոսոն կենդանի է, թե՝ ոչ: «Մոսոն բարի, հավասարակշռված անձնավորություն է և նման բան չէր անի»,- հայտնել է նա: Նախկին կնոջ խոսքով՝ Մոսոն իրենից ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթեր է ուզել, սակայն հենց այդ օրն էլ դեպքը պատահել է: