Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են: Իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն բոլոր հայերի մայրաքաղաքի: Նա գովեց Տարոն Մարգարյանին, ասելով, որ նրա կառավարման օրոք է, որ Երևանը փոխվել է դեպի լավը, և անգամ «կոմունիստների ժամանակ Երևանը այսպես լավ վիճակում չի եղել, ինչպես հիմա է»:
Նա անդրադարձավ նաև Տարոն Մարգարյանի քննադատներին, ասելով, թե «ման են գալիս մի զիբիլ են գտնում ու հայտարարում, թե մայրաքաղաքը կեղտոտ է»: Այնինչ, ըստ Սահակյանի, պետք է նայել, թե Երևանը որքան մեծ քաղաք է և ինչպիսի բնակչություն ունի:
Երբ լրագրողները հարցրեցին ՀՀԿ-ի կողմից իրականացվող ընտրախախտումների վերաբերյալ, Գալուստ Սահակյանը նշեց. «Կանցնեն տարիներ և այդ խնդիրները ծիծաղելի կթվան:Այս անգամ այնպիսի ընտրական գործունեություն ենք սկսել, որտեղ խախտումներ չեն լինի, դա ընդունել է թե ընդդիմությունը, թե աշխարհի դիտորդները, մնացածը ընդդիմադիր գործունեություն է, որ ուզում են իրենց մասին տեղյակ պահեն, պոպուլյար երևան»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր որդու` Արման Սահակյանի ինքնաբացարկը` ԱԺ պատգամավորական մանդատից, և արդյո՞ք համաձայն է այն տեսակետի հետ, որ «մի տնից երկու հոգի չպետք է լինեն խորհրդարանում», Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Դա ոչ բարի տեսանելի միտք է, որովհետև ես ու իմ տղան եղել ենք Ազգային ժողովում և շատ լավ աշխատել ենք: Այնպես որ նման խնդիր չկա, պարզապես ինքը ավելի տրամադրված է գործադիրում աշխատելու, դրա համար էլ իր համար միևնույն է, երկու տեղում էլ կարող է աշխատել: Այսինքն գործադիր գնալը իր համար հավանական մոտեցում է»:
Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ վարչապետ Կարեն Կարապետյանը այդքան էլ չի ցանկանում իր որդուն տեսնել գործադիրում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրանք ասեկոսեներ են, ես երկու որդի ունեմ, և որևէ մեկը չի կարող իմ երկու որդիներին էդպես տհաճ խոսակցությունների մեջ դնել, որովհետև իրենք ապրում են շատ բարեխիղճ և բարի: Նման խնդիրներ չկան, առավել ևս, որ ես շատ մոտ եմ վարչապետի հետ»:
Հարցին, եթե առաջարկեն նորից ղեկավարել Ազգային ժողովը, կհամաձայնի՞, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ազգային Ժողովում մեծ փորձություն ունեցող մարդիկ պետք է լինեն, աշխարհի ազգային ժողովներն են էդպիսին: Կուզեմ, թե չեմ ուզի ԱԺ նախագահի պաշտոնը, դա քննարկման արդյունքներում պարզ կլինի: Չեմ կարծում, որ Ազգային Ժողովի նախագահ լինելով մեծ դիրքորոշումներ են փոխվելու: Այնպես որ՝ պետք է սպասել»:
Հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ իր հարսը պետք է դառնա դպրոցի տնօրեն, Գալուստ Սահակյանը հերքեց, ասելով, որ նման խնդիր չկա. «Իմ հարսը երբեք դպրոցի տնօրեն չի լինի, նա շատ լավ մանկապարտեզի վարիչ է»: