կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 13:40
Քաղաքական

Հենց Ծառուկյանն ա ինձ կանչել, ֆինանսավորել ու ասել՝ գնա, մասնակցի. Նապոլեոն Ազիզյան

Հենց Ծառուկյանն ա ինձ կանչել, ֆինանսավորել ու ասել՝ գնա, մասնակցի. Նապոլեոն Ազիզյան

Երեկ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումների չեղարկման վերաբերյալ հարցը, լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն, թե «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Էդուարդ Բաբայանի նման քայլն անմիջապես ընկալվեց այնպես, թե  նրա` Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորական մանդատը: 

Նապոլեոն Ազիզյանը  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Էդուարդ Բաբայանն իրենց տուն առաջին անգամ չէ, որ այցելում է: «Միշտ էլ եկել-գնացել են: Աբրահամ Մանուկյանի հետ էր եկել այս անգամ, Մանուկյանն էլ ինձ հարազատ մարդ է, երկար տարիների ընկեր է, ընտանիքներով մտերիմ ենք, նույնն էլ` Էդուարդ Բաբայանը: Բայց քանի որ  հենց այդ նույն ժամանակահատվածում ԿԸՀ-ում նիստ էր ընթանում, աժիոտաժ առաջացավ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե հաճախակի բնույթ են կրում նրանց այցելություններն ու այդքան մտերիմ են, չի՞ հարցրել՝  ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ իր անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, Ազիզյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` չգիտեմ, կհավատաք, թե` չէ, բայց Էդուարդ Բաբայանը քաղաքականությանը վերաբերող հարցերը լսել չի ուզում, ոչ էլ խառնվում ա, իսկ եթե իր մոտ էլ խոսում են, վեր ա կանում, գնում` ասելով՝ չեմ խոսելու, չեմ լսելու տենց բաներ»:

Դիտարկմանը՝ գուցե Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվեր, այսպես արձագանքեց. «Ես ի՞նչ եմ արել, որ փորձեմ հասկանալ, ես ուղղակի ինչ կա` եղելությունը, դա եմ ասել, իրեն ներկայացրել, ինձ ասել են գնա, հետ վերցրու դիմումդ, ես էլ ասել եմ՝ ի՞նչը գնամ, վերցնեմ, եթե չկա»:

Ազիզյանին հիշեցրեցինք, որ երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ իրենց հասցեագրված` ինքնաբացարկի բոլոր դիմումներն էլ նոտարական վավերացմամբ են եղել, ապա հարցրեցինք՝ այդ դեպքում ո՞վ է Ձեր փոխարեն արել այդ գործողությունը: Ի պատասխան` Ազիզյանն ասաց. «Չեմ կարող ասել, ես իրողությունն եմ ասում, որ դիմում չի եղել»:

Նրա խոսքով՝ ինքը վստահ է եղել, որ ընտրվելու է, և չի զարմացել, որ  մանդատ է ստացել: «Ես գիտեի, որ ընտրվել եմ, ու վերջ, ես չզարմացա, որ ինքնաբացարկի դիմումը չեղյալ հայտարարվեց: Ես ո՞նց կարող էի մանդատ վերցնել ու տալ ուրիշ մեկին»:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններում լարվածություն չկա՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէի ասի: Ես պարոն Ծառուկյանին չեմ տեսել, ինչի՞ պետք է լարված լինի, հենց պարոն Ծառուկյանն ինձ կանչել ա, ֆինանսավորել ա, ասել ա` գնա, մասնակցի, ես էլ մասնակցել եմ, հաղթել եմ»:

Ի դեպ, Ազիզյանն ասաց՝ քանի որ ինքն է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը, իրեն է վիճակված անդրանիկ նիստի բացումն անել: