կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 18:06
Քաղաքական

ՀՅԴ-ն Փարպիում արձանագրված խախտման կապակցությամբ դիմել է ԿԸՀ նախագահին և գլխավոր դատախազին

ՀՅԴ-ն Փարպիում արձանագրված խախտման կապակցությամբ դիմել է ԿԸՀ նախագահին և գլխավոր դատախազին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը քիչ առաջ ճեպազրույց ունեցավ որոշ լրատվամիջոցների հետ` գնահատելով ընտրական գործընթացը:

Վարդանյանը նշեց, որ իրենց տեղեկատվությունը երկու աղբյուր ունի` լրատվամիջոցները և ՀՅԴ ընտրատարածքային շտաբներն ու տեղամասային հանձնաժողովները: Յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ըստ  նրա, Կենտրոնական շտաբը կապ է հաստատում ՀՅԴ 13 ընտրատարածքային շտաբների հետ` այդպիսով հետևելով ընտրատեղամասերում իրականացվող աշխատանքներին:

«Կարող եմ արձանագրել, որ տեղեկատվություն ստացանք մեր աղբյուրներից, որ Ճամբարակում որոշ անհայտ անձինք փորձում են հանձնաժողովներում վստահված անձանց դուրս հրավիրել և թույլ չտալ, որ վերադառնան ընտրատեղամաս: Սա, կարծես, կազմակերպված բնույթ է կրում: Տեղամասերում ուղղորդումները ևս ակնհայտ են. տեղամասերի մուտքերի առաջ տարբեր մարդիկ ցուցակներով փորձում են մարդկանց ուղղորդել և ասել` ինչպես և ում օգտին քվեարկել: Ճամբարակը հատուկ եմ ընդգծում, քանի որ կարծում եմ` համապատասխան մարմինները տեղյակ են, թե ովքեր են այնտեղ հիմնական թեկնածուները և որ քաղաքական ուժերից»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց նաև, թե տեղամասերից դուրս աշխատանքը, որ պետք է անի ոստիկանությունը, անում են լրագրողները, իսկ ներսում` շատ տեղերում, որտեղ պետք է հանձնաժողովների անդամները, վստահված անձինք իրենց գործառույթները կատարեն, այդ գործը դարձյալ մի մասով մնացել է լրագրողների վրա:

Վարդանյանը նշեց նաև, որ երկրորդ ահազանգը ստացել են Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից, որտեղ ևս առկա են բացահայտ ուղղորդումներ, բաց քվեարկություններ: Այնտեղ, ըստ նրա, բավական խառն իրավիճակ էր ստեղծվել, և միայն իրենց միջամտությունից հետո իրավիճակը փոխվել է:

«Իրավիճակը, կարծես, չի հանդարտվում Արագածոտնի համայնքի մեկ այլ բնակավայրում` Փարպիում, այնտեղ ևս քաշքշոցներ, տեղամասերում խառնաշփոթ և ակնհայտ բաց քվեարկություն ու ուղղորդումներ են գրանցվել: Ի դեպ, ուղղորդումները ասես դարձել են շատ տեղամասերում հիմնական խախտման միտող ուղղությունը: Փարպիի համար մենք արդեն ահազանգել ենք` դիմել ենք ԿԸՀ նախագահին և գլխավոր դատախազին, որպեսզի փորձեն այնտեղ կարգուկանոն հաստատել: Բացի այդ` մեր տեղամասային հանձնաժողովին զգուշացվել է, որ խախտումների կրկնվելու դեպքում անպայման այդ տեղամասի վրա բողոք պետք է արձանագրվի: Գաղտնիք չէ, որ Փարպին նախկին ԲՀԿ անդամ, այժմ ՀՀԿ վարկանիշային թեկնածու Բազմասեր Առաքելյանի համայնքն է, և տարօրինակ է, որ նա հասկանում է` ինչ է անում սեփական գյուղում: Կարծում եմ` հիմնականում նրա մարդիկ են նման խառնաշփոթ ստեղծել»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ ամենատհաճ միջադեպերից մեկն էլ լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն է վերաբերում:

Հարցին, թե տեղական դիտորդներն արդեն իսկ կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքները, արդյո՞ք ինքը համակարծիք է, Վարդանյանը պատասխանեց, որ կարող է կիսել որևէ կարծիք, եթե ունենա ամբողջական ինֆորմացիա և ամբողջական պատկեր: «Դիտորդական առաքելությունների խնդիրն է ընտրություններից հետո իրենց պաշտոնական եզրակացությունները ներկայացնել, և երբ լինեն այդ եզրակացությունները, մենք կտանք համապատասխան գնահատական: Մեկ կազմակերպության գնահատականն ինձ համար չի կարող հիմք ծառայել: Ավելին` երբ մենք հետևում ենք լրահոսին, օրինակ` Կոնդի դեպքը, երբ «Ազատության» լրագրողի աշխատանքին են խոչընդոտել, և երբ կես ժամը մեկ տարբեր լրատվամիջոցներ այդ դեպքն անընդհատ ցույց են տալիս, կարող է տպավորություն ստեղծվել, որ ամեն տեղ նույն իրավիճակն է: Կարծում եմ` սա պետք է մտածելու տեղիք տա»,- հավելեց նա: