կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 17:00
Տարածաշրջան

Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ

Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ

Նախօրեին հայտնի դարձավ, որ հունիսի 27-ին նախատեսված` պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։

Պատճառը Ստամբուլի նահանգապետարանից հունիսի 26-ին Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պաշտոնական գրությունն էր՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։

Այս իրադարձությունը տարբեր մեկնաբանությունների ու ենթադրությունների առիթ է տվել, քանի որ գրության մեջ նշված չի եղել հետաձգելու պահանջի պատճառը. հաղորդում է ermenihaber.am կայքը:

Խնդրին անդրադարձել է նաև պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ առաջադրվել է տեղապահի ընտրություններին: Մաշալյանը սոցցանցում արած հայտարարության մեջ որոշ մանրամասներ է հայտնել գործընթացի մասին: Նա նախ նշել է, որ տեղապահի ընտրությունը հետաձգելու պահանջով 2 նամակ է ստացել պատրիարքարանը: Հունիսի 25-ին ստացված առաջին նամակը, որի մասին չի հայտնվել, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հետ է ուղարկել նահանգապետարան:

«Երբ Արամ սրբազանին հարցրեցի (չհայտնելու) պատճառների մասին, ասաց, որ չի ընդունել այդ պաշտոնական գրությունը, այն հետ է ուղարկել նահանգապետարան, ապա կապվել է Անկարայի պատկան մարմինների հետ և բանավոր համաձայնություն ստացել ընտրությունները նախատեսված օրը՝ հունիսի 27-ին անցկացնելու համար»,- գրել է Մաշալյանը:

Այնուհետև նա անդրադարձել է հետաձգման պահանջի հավանական պատճառներին՝ այն կապելով Ստամբուլի նահանգապետին Աթեշյանի՝ պատրիարքարանի հոգևորականներից թաքուն ուղարկած նամակի հետ:

Ըստ Մաշալյանի՝ իրենց զրույցի ընթացքում Աթեշյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Ստամբուլի նահանգապետարան ընտրությունների գործընթացի մասին տեղեկացնող նամակ է ուղարկել, որի մասին տեղյակ չեն եղել հոգևոր խորհուրդն ու անձամբ ինքը՝ Մաշալյանը: Մաշալյանը նախ անտեղի ու ժամանակավրեպ է համարել այդ նամակը, քանի որ, ըստ ավանդույթի, պատրիարքարանը պատկան մարմիններին տեղեկացնում է գործընթացի մասին միայն տեղապահ ընտրելուց հետո: Բացի այդ` նշել է, որ խախտվել է նաև պետական մարմիններին ուղարկված նամակի կարգը, ինչն էլ կարող է առիթ հանդիսացած լինել նահանգապետարանի կողմից հետաձգման պահանջով ուղարկված նամակին:

Մաշալյանի բերած հիմնավորումներն այսպիսին են. «Անտեսվել է այս շրջանում պատրիարքարանի կողմից պետական մարմիններին հղվող նամակների տակ 2 ստորագրություն դնելու կանոնը: Պարտադիր պայման է, որ, որպես հոգևոր խորհրդի ատենապետ, իմ ստորագրությունը նույնպես լինի պետությանն ուղարկվող բոլոր պաշտոնական փաստաթղթերի վրա: Միայն նրա ստորագրությամբ նամակ ուղարկելը կարող է պատկան մարմինների կողմից ընդունված լինել որպես բացահայտ չարաշահում ու հանդգնություն: Հնարավոր է` դրա համար են պատժել (պատրիարքարանին)»: