կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 19:04
Քաղաքական

Դուք եք որոշելու, թե ինչպիսի կուսակցություն եք ուզում ունենալ Աժ-ում. Աղվան Վարդանյանի խոսքը մարտունեցիներին

Դուք եք որոշելու, թե ինչպիսի կուսակցություն եք ուզում ունենալ Աժ-ում. Աղվան Վարդանյանի խոսքը մարտունեցիներին

ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր ընտրողների հետ հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզում: Գեղավանից հետո նրանց հաջորդ հանդիպումը Մարտունիում էր:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը դիմելով մարտունեցիներին նշեց, որ իր համար Մարտունու շրջանը հատուկ է: «ՀՀ-ում քիչ տեղ կգտնես, որ մարդիկ այսպես աշխատող լինեն ու կպած իրենց հողին: Ինչու՞ է ծնելիությունը Մարտունիում բարձր, իսկ մնացած տեղերում չէ»,- ասաց Վարդանյանը: Այնուհետև դիմելով հավաքվածներին նշեց, որ իրենք իսկապես Հայաստանում նոր սկիզբ են դրել:

«Մենք Հայաստանում համակարգ ենք փոխել, բոլորը խոսում են, որ համակարգային փոփոխություններ ենք անելու, իսկ մենք արել ենք: 2018 թվականին մենք սիմվոլիկ նախագահ ենք ունենալու, ամեն ինչ որոշելու է ԱԺ-ն»,-ասաց նա, ապա հավելեց. «Հպարտորեն, բաց ճակատով ասում եմ նայեք այսօրվա կառավարության կազմը, մեր նախարարներին՝ Լոքյանին, Մինասյանին, Մկրտչյանին. նայեք, տեսեք՝ ոնց են աշխատում, ոնց են ուզում բան փոխել»:

Վարդանյանը կոչ արեց չընտրել այնպիսի թեկնածուների, որոնք այսօր էլ կան ԱԺ-ում: «Դուք ուզու՞մ եք Դաշնակցության կազմից թեկնածուներ ունենալ, թե՞ ուզում եք ունենալ 5 պատգամավոր, որոնք ոչ հմալու են, ոչ գմալու են ԱԺ-ում, ինչպիսիք մենք այսօր էլ ունենք»,- շեշտեց նա, ապա նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել թիմերին:

«Նայեք մեր ռեյտինգային թեկնածուներին և նայեք մյուսների թիմին, որոնք իրար կոկորդ են կրծում, մեզ մոտ նման բան չեք տեսնի»,- ընդգծեց նա, ապա հավելեց. «Դաշնակցությունը կուսակցություն է, մյուսներին նման չէ, եթե լիդերը չլինի, ապա այդ կուսակցությունն էլ չի լինի: Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ աշխարհի 30 երկրներում ներկայացվածություն ունի, հիմա դուք եք որոշելու, թե ինչպիսի կուսակցություն եք ուզում ունենալ Ազգային Ժողովում»։

Վերջում  դիմելով հավաքվածներին՝ նախ շնորհակալություն հայտնեց, որ հնարավորություն տվեցին արտահայտվելու, ապա շեշտեց, որ քարոզարշավի ընթացքում նրանց ամեն ինչ խոստանալու են: «Այնքան սուտ են ձեզ ասելու՝ առանց ամաչելու, գիտեն, որ չեն անելու, բայց ամոթ-աբուռ չունեն, խոստանում են բաներ, որ 150%-ով չեն անելու: Հավատացեք այն ոուժին, ով արդեն իսկ փոփոխությունների հիմքը դրել է, իսկ դա Դաշնակցությունն է. ինչքան մեծ լինի ՀՅԴ կշիռը խորհրդարանում, այնքան շուտ են լուծվելու մեր խնդիրները»,- եզրափակեց նա: