կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-14 14:15
Քաղաքական

ՀՀ-ում սննդամթերքի իրանական գրասենյակ կհիմնվի

ՀՀ-ում  սննդամթերքի իրանական  գրասենյակ կհիմնվի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին:

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատասխանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ  արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:  

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրների միջև գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: 

Նա նաև նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար:

«Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակավորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը: 


Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար: 

Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նա ևս կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնարավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: 

Ղորբանին նաև ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը ևս շահագրգռված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման և սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և Մեղրիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: