կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 17:12
Քաղաքական

Եթե որևէ մեկին թվում է՝ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, այդպես չէ. Դավիթ Հարությունյան

Եթե որևէ մեկին թվում է՝ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, այդպես չէ. Դավիթ Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ընտրական օրենսգիրքը, ներառյալ` ընտրակարգերը, ընդունվել են խորհրդարանի կողմից, բայց նաև նորմալ համարեց, որ դրանից հետո էլ կարող են լինել դեմ կարծիքներ, այդ թվում` ՀՀԿ-ում: «Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա խոսում է այն մասին, որ բազմակարծություն է»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե ռեյտինգային ընտրակարգը շատ հաճախ մարդկանց հանում է միմյանց դեմ, Հարությունյանն ասաց. «Ընտրությունները նրա համար չեն, որ ժողովրդին իրար դեմ հանեն: Կարծում եմ, որ թեկնածուների միջև պայքարը միշտ կարող է առաջացնել որոշակի սրացում: Եթե որևէ մեկին թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, այդպես չէ, ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրն է պայքարում, որպեսզի ստանա առավելագույն քվե»:

Արձագանքելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի այն դիտարկմանը, թե ընտրություններից հետո հնարավոր է վերանայվի ռեյտինգային ընտրակարգը, Հարությունյանը նշեց, որ որևէ բան բացառել չի կարելի, բայց այս պահին, ըստ նրաի, նման հիմք չկա: Նա նաև հորդորեց չօգտագործել «ռեյտինգային» տերմինը, փոխարենն առաջարկեց օգտագործել «տարածքային»-ը, ապա ասաց, որ կարելի է ուսումնասիրել նաև՝ ինչ եզրակացություն է տվել ընտրական համակարգերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ի ցուցակում չկա իր անունը, և պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր քաղաքական ապագան, նա ասաց, որ ընտրություններից հետո պարզ կդառնա` կախված նրանից՝ ինչ կոնֆիգուրացիա կլինի ԱԺ-ում: «Ես նպատակահարմար չեմ համարել իմ աշխատանքը ԱԺ-ում»,- հավելեց Հարությունյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է վերադառնա իր նախկին պաշտոնին՝ արդարադատության նախարարի, պատասխանեց, որ ցանկություն չունի: Հարությունյանը նշեց նաև, որ այս պահին քարոզչությամբ չի զբաղվում, բայց անհրաժեշտության դեպքում կմասնակցի: