կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 13:20
Քաղաքական

Մեզ պետք է նոր քաղաքական վերնախավ. Սեյրան Օհանյան

Մեզ պետք է նոր քաղաքական վերնախավ. Սեյրան Օհանյան

Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ՕՐՕ դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Առաջինը խոսեց ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը: Նա ներկայացրեց, թե ինչ սկզբունքով են կազմել իրենց ընտրացուցակը. ցուցակի հիմքում ընկած է «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունների համագործակցությունը:

«Իհարկե, չեմ ցանկանում թերագնահատել նաև այլ կուսակցությունների ու կազմակերպությունների աջակցությունը: Վարդան Օսկանյանի մասին կասեմ հետևյալը` նա ամենակազմակերպված պետական քաղաքական գործիչներից է, մարդ, ով հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից, այնտեղի իր բարեկեցիկ կյանքից, եկել, հասել է Հայաստան, 10 տարի եղել է ԱԳ նախարար և մարդկային բարձր մասնագիտական որակներով նվիրվել պետականաշինությանը: Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնելու կարիք չկա, նա մեր անկախ պետության առաջին ԱԳ նախարարն է, ով իր ազնվությամբ ու հայրենասիրությամբ վաստակել է մեր ժողովրդի սերն ու հարգանքը: Եվ ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ մեր երկրի անվտանգությանն ու բանակաշինությանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

ՕՐՕ նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը, իսկ մամլո խոսնակը կլինի Արեգնազ Մանուկյանը:

Ըստ Սեյրան Օհանյանի` ունեն պատկառելի թիմ, և երկրորդ քայլը պետք է լինի լուրջ մշակված ծրագիր ունենալը, որը շուտով պետք է ներկայացվի հանրությանը:

«Ես ամենից շատ կարևորելու եմ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը: Մենք խորապես գնահատում ենք անվտանգության այն միջավայրը, որը գոյություն ունի, և գիտակցում ենք այն սպառնալիքները, որոնք կան: Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր ներկայացրել են իրենց ծրագրերը, բայց հարցերի հարցը այսօր մեր երկրի, մեր պետության անվտանգությունն է: Խոսելով անվտանգության մասին` ուզում եմ ընդգծել, որ միայն բանակը և զինված ուժերը չեն, որ հիմք են կազմում մեր անվտանգությանը: Մեզ պետք է նոր մտածողություն, նոր քաղաքական ու պետական վերնախավ, միայն այդպես կարող ենք բարձրացնել մեր պետանվտանգության աստիճանը»,- ասաց Սեյրան Օհանյանը: