կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 11:09
Աշխարհ

«Հանրությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստել». համանախագահների հայտարարությունը

«Հանրությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստել». համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն են տարածել Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքների մասին:

Մինսկի խմբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը Նալբանդյանի և Մամեդյարովի հետ կայացել է և' առանձին, և' երկուսի հետ միասին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները նախարարների հետ քննարկել են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Նրանք վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ՝ կողմերին զսպվածություն ցուցաբերելու, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչ անելով:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև խստագույնս պահպանել 1994-1995 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է: Նրանք հիշեցրել են նաև 2011 թվականի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու ավերածություններ կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Համանախագահները նաև մտքեր են փոխանցել 2016 թվականին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, որի նպատակն է  կայունացնել իրավիճակը շփման գծում։

Համանախագահներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել ընդգրկուն բանակցությունները՝ հակամարտության երկարատև լուծմանը հնարավորինս շուտ հասնելու համար։

Համանախագահները ընդունել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու վերջին որոշումը «օգտակար և մարդասիրական ժեստ էր»:

Երկու նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն հետևել իրենց միջազգային հումանիտար պարտավորություններին:

Համանախագահներն անդրադարձել են նաև Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին: «Համանախագահները տեղյակ են, որ, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում անցկացնել 2017 թվականի փետրվարի 20-ին: Թեև համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, նրանք կրկին ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն»,- նշվել է հայտարարությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող՝ ընդգծելով, որ այդ արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը, ինչը կարող է հանգեցնել հակամարտության տևական և խաղաղ կարգավորման:

Ի դեպ, համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։