| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ քառօրյա նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ելույթ ունեցավ` խոսելով ընտրությունների սահմանված օրվա` ապրիլի 2-ի մասին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ եթե ԱԺ բոլոր քաղաքական ուժերը գան ընդհանուր հայտարարի, որ պետք է փոխել ընտրությունների օրը, այդպես էլ կանեն:
Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերի, և ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Նա հայտնեց, որ ինքն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ստորագրահավաք են սկսելու ու դիմելու են ՍԴ՝ ապրիլի 2-ը, որպես ընտրությունների օր, չեղարկելու համար:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հակադարձեց որոշ պատգամավորների հնչեցրած այն փաստարկներին, որ ապրիլի 2-ը սգո օր է, և պետք չէ այդ օրը ընտրություններ անցկացնել: «Ապրիլի 2-ը սգո օր չէ, այն հաղթանակի օր է, մեր զինվորի սխրանքի օրն է, և մենք պետք է կարողանանք, մեր զոհերի հիշատակը ոգեկոչելով հանդերձ, գնալ առաջ»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ սահմանադրականությունը ճշտելու հարցով իրավունք կա դիմելու ՍԴ, բայց կուզենար որ բոլոր հարցերը հստակեցվեին: «ՀՀ նախագահն ասաց, որ եթե բոլոր քաղաքական ուժերը գան համաձայնության, դա կարելի է քննարկել, բայց դա ինչ-որ մեխանիզմ է ենթադրում, ապրիորի, օդի մեջ չի լինելու: Ես առաջարկում եմ, որ այս հարցը, անկախ սահմանադրականությունը ճշտելու հարցից, կարող է նախաձեռնել Հանրապետական կուսակցությունը` հարցում անելով ԱԺ բոլոր խմբակցություններին` համաձա՞յն են միասնական որոշել ընտրությունների օրը նշանակելու հարցը, որովհետև դա ինչ-որ մեխանիզմով պետք է որոշվի»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Դա միայն ԱԺ-ով չի բնութագրվում, որ մենք ինչ-որ մի բան կազմակերպենք: Դա այն բոլոր քաղաքական ուժերը պետք է որոշեն, ովքեր մասնակցելու ենք ընտրություններին»: