կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 16:57
Հասարակություն

Կկազմակերպվի հերթական «Արի տուն»-ը

Կկազմակերպվի հերթական «Արի տուն»-ը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում Սփյուռքի նախարարությունը ներառել է հերթական` «Արի տուն» ծրագրի 2017-ի ծրագրին ու միջոցառումներին հավանություն տալու մասին հարցը:

Ծրագրի նպատակն էր աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում` մոտիկից ծանոթանալ հայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, ազգային գիտակցությունը հզորացնելուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը: Ծրագրին մեծապես նպաստեց սփյուռքյան կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը:

Ըստ հիմնավորման,  «Արի տուն» ծրագրի շարունակական իրականացման արդյունքում ձևավորվելու է սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ: 2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է  գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում: «Արի տուն» ամառային ճամբարի, ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար: