կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-28 14:52
Հասարակություն

Կհաստատվեն «Արի տուն»` 2016թ. ծրագիրն ու միջոցառումների ցանկը

Կհաստատվեն «Արի տուն»` 2016թ. ծրագիրն ու միջոցառումների ցանկը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում Սփյուռքի նախարարությունը ներառել է որոշում՝ հավանություն տալ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչու­թյան «Արի տուն»` 2016 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին:

«Արի տուն» ծրագրի նպատակն էր աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում` մոտիկից ծանոթանալ հայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, իր հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, ազգային գիտակցությունը հզորացնելուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը: Ծրագրին մեծապես նպաստեց սփյուռքյան կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը:

2015 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցեց շուրջ 1103 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 40 երկրից:

Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, մշակութային ծրագրեր` այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցություն մի շարք համահայկական ծրագրերի,  ճանաչողական հանդիպում-այցելություններ` հանդիպումներ ՀՀ պետական բուհերում, զորամասերում, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ, hրաժեշտի միջոցառումներ,  որոնց ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտոնատար այրերի հետ:

«Արի տուն» ծրագրի բոլոր մասնակիցներին տրվել են ծրագրին մասնակցության հավաստագրեր, «Արի տուն» տարբերանշանով շապիկ, գլխարկ, ինչպես նաև այլ գրքեր և հուշանվերներ:

Ինչպես 2015 թվականին, այնպես էլ 2016 թվականին  նախատեսվում է հայասատանյան ընտանիքներում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելու հետ միաժամանակ կազմակերպել նաև «Արի տուն» երիտասարդական ճամբարը, որին սփյուռքահայ երիտասարդների հետ կմասնակցեն իրենց հայաստանցի հասակակիցներն հյուրընկալ ընտանիքներից, նախատեսվում է «Արի տուն» ծրագիրն իրականացնել երկու տարիքային խմբերի համար զուգահեռ. 13-15 և 16-18 տարեկանների (բացառությմաբ որոշ դեպքերի) համար նախատեսվող ուսուցողական, ժամանցային, մշակութային ծրագրերը կտարբերվեն իրենց բովանդակությամբ և նյութի մատուցման մեթոդաբանությամբ:

«Արի տուն» ծրագրի շարունակական իրականացման արդյունքում ձևավորվելու է սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ: 2016 թվականին ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է  գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում: «Արի տուն» ամառային ճամբարի, ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար: