կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 18:34
Քաղաքական

Պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Վարչապետը, ողջունելով ներկաներին եւ կարեւորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնը ձեւավորվում է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով եւ կլինի այն հարթակը, որտեղ կարող են մասնավորի մասնակցությամբ խոսել բարեփոխումների, ռազմավարությունների մասին: Վարչապետն ընդգծել է նաեւ, որ այս կենտրոնում ֆիքսվելու են տնտեսության զարգացման ծրագրերը, ձեւավորվելու է այն գրադիենտը, թե ինչպես պետք է զարգանա մեր երկիրը: «Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի եւ´ տնտեսության աճ ունենանք, եւ´ ներդրողների ներգրավվում, եւ´ երկարաժամկետ զարգացում, եւ´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, եւ մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն եւ կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»,-ասել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ կենտրոնում ձեւավորված թիմը պրոֆեսիոնալ է: «Այս կենտրոնի ղեկավարը լինելու է իմ խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, եւ ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը եւ կենտրոնին մաղթել բարի երթ, հաջողություններ եւ ամբիցիոզ ծրագրեր:

 

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշել է, որ կենտրոնի առջեւ մեծ խնդիր է դրված եւ կարվի առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար. «Կան մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է ստեղծագործ մտքի եւ պատասխանատվության համադրում, իսկ որոշ մարտահրավերների լուծումը երկարաժամկետ եւ մեծ աշխատանք չի պահանջում: Ընդամենը պետք է լինել համակարգված, կազմակերպված եւ գնալ առաջ: Կլինեն խնդիրներ, որոնք ավելի մեծ հետազոտություն եւ նախապատրաստում կպահանջեն: Համոզված եմ, որ կենտրոնի թիմը եւ մեր գործընկերները, որոնցից շատերն այսօր այստեղ են, միասին կկարողանանք ստանալ մեր աշխատանքի դրական արդյունքը»: Նա տեղեկացրել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից եւ մասնավոր հատվածի նվիրատվություններից: Ի դեպ, առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է՝ խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը եւ նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ վերամշակման, կրթության, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաեւ այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Կենտրոնի գործունեությունը ղեկավարելու է Հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած է լինելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: