կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 14:11
Քաղաքական

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը. Աղվան Վարդանյան

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը. Աղվան Վարդանյան

ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար:

Լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ այդ ստորագրահավաքին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենց որևէ մեկը տեքստ չի ուղարկել, երբ տեքստը կտեսնեն, կքննարկեն:

«Անձամբ իմ կարծիքն ասեմ` ես շատ տրամադիր չեմ շարունակելու` այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է այդ աշխատանքը անպտուղ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը: Բազմիցս ասել ենք` այսօրվա ընտրական համակարգի պրոբլեմները մենք բոլորից լավ գիտենք: Մենք ասում ենք, որ մեր ամբողջ պրոբլեմը ընտրական համակարգն է, որը հնարավորություն չի տալիս արձանագրելու, փաստարկելու ու հիմնավորելու ընտրական խախտումների այն ծավալը, որ կարողանաս ապացուցել, որ դա ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Մենք ասում ենք՝ եկեք այս համակարգը փոխենք, ոչ ասողները ասում են` եկեք այս համակարգը պահենք: Թող պահեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ դեսպանության հայտարարությունը հանրաքվեի մասին, որը խիստ տոնայնություն ունի:

«Վերջին օրերին եղած բոլոր հայտարարությունները պարունակում էին այդ խստությունը, և հիմնական պահանջը արժանահավատ հաղորդումները համակողմանիորեն քննելն է: Մենք բազմիցս ասել ենք, որ, իսկապես, այդ խախումները համակողմանի քննության պետք է ենթարկվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն, այլապես մենք անընդհատ նույն վիճակում ենք հայտնվում»,- ասաց Աղվան Վարդանյանը: