Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ «Ոչ»-ի ճակատի գործունությանը և հնարավոր հաջողություններին, նշեց, որ որևէ հաջողություն չի կանխատեսում և իրատեսական չի համարում:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ հանրաքվեն անցնի իսկապես լավ պայմաններում: Վստահ եմ, որ կարելի է հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացնել: Դրանից հետո մեզ սպասվում է հսկայական աշխատանք երկու ուղղությամբ` մեկը Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն է, մյուսը` խնդիր դնել առկա իրավիճակում Հայաստանում անել քայլեր, որոնք հանրության մոտ դրական հույս կառաջացնեն: Հսկայական գործ կա անելու, բայց դա պետք է անել աշխատանքով»,- ասաց Վարդանյանը` հավելելով. «Մեր քաղաքացիները շատ լավ տարբերում են չորը թացից: Միակ վտանգը, որ հանկարծ տարբեր տեղական իշխանիկներ չփորձեն ցույց տալ, թե իրենք ամենալավն են, մյուսներն իրենցից վատն են: Հանրաքվեի մասին օրենքը համապատասխան շեմ է սահմանել, և ես կարծում եմ, որ պետք է «այո»-ն ապահովել աշխատանքով` բացատրելով, ապացուցելով, որ սա շանս է մեր երկրի համար»:
Պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանն արդյո՞ք եղել է լեգիտիմ նախագահ, պատգամավորը նշեց, որ անցած ընտրություններին իրենք հնչեցրել են գնահատականներ: «Մենք ապրում ենք Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, և բնականաբար, լեգիտիմ, ոչ լեգիտիմ` այս բառերն անտեղի են: Իհարկե, լեգիտիմ է: Ի՞նչ է նշանակում` այս պայմաններում խնդիր դնել` լեգիտիմ է, թե` ոչ: Ի՞նչ է նշանակում խնդիր դնել` իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ անել, որովհետև լեգիտիմ չէ: Սրանք օդի մեջ հնչող հայտարարություններ են, անիմաստ կոչեր են: Արհեստական, կեղծ հարց է»:
Վարդանյանը նշեց նաև, որ ժողովուրդը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու լիազորություն չունի, այն վերապահված է Սերժ Սարգսյանին և խորհրդարանի մեծամասնությունը, սակայն նոր Սահմանադրությունը ընձեռում է նաև այդ հնարավորությունը: