Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 13:50
Քաղաքական

Դաշինք՝ խորհրդարան մտնելու համար

Դաշինք՝ խորհրդարան մտնելու համար

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. ««Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները, հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդրիների լուծման հրատապությանը, ելնելով Հայաստանի իրականացման եւ ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հասարակության հակասությունները հարթելու եւ համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին: Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին եւ Երևանում ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով»:

Հատկանշական է, որ երեկ  ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքների վերաբերյալ ունեցել է որոշում, թե ընտրություններին դաշինքներով չեն գնալու:  

«Եթե առաջիկայում լինի որոշում, որ մենք պետք է գնանք դաշինքներով, ապա դաշինք կազմելը չպետք է լինի ինքնանպատակ: ՔՊ-ն դաշինք կկազմի այն պարագայում, եթե երկարատև դաշինք ու հարաբերություններ լինեն, որոնք կտանեն մեկ ընդհանուր կուսակցություն դառնալուն: Նպատակը կլինի միաձուլվել մեկ կուսակցության մեջ»,- հայտարարել էր ՔՊ վարչության փոխնախագահը:  

Այսօր կայացած համագումարում երեք քաղաքական ուժերը նաև հայտարարեցին, որ համատեղ գործունեության, այդ թվում` նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով և համատեղ գործունեության արդունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու մասին:

Ուշագրավ է, որ նրանք փակագծեր չբացեցին` միասնական կուսակցություն ե՞րբ են ստեղծելու` ընտրություններից առա՞ջ, թե՞ ընտրություններից հետո:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով իր փորձին նախկին դաշինքներում, նշեց` ՀԱԿ-ում գիտեին, որ ընտրություններից հետո «Հանրապետությունը» դուրս է գալու դաշինքից: «Մենք պարտավոր էինք և դատապարտված էինք ընտրությունների ընթացքում լինել ՀԱԿ դաշինքում»,- հայտարարեց նա` այդ պարտավորությունն ու դատապարտվածությունը կապելով Մարտի 1-ի զոհերի հիշատակի առջև պարտք ունենալու հանգամանքի հետ:

Ինչ վերաբերում է ոչ վաղ անցյալում «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև եղած տարաձայնություններին, երկու կուսակցությունների ղեկավարներն էլ բացատրություն տվեցին:

«Այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են, եւ մենք հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք ընտրել: Մենք հակասությունները հաղթահարել ենք եւ համագործակցության հիմքեր ենք դնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյան:

Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ իրենք քննադատվում էին նաև նրա համար, որ չեն միանում: «Մենք, վեր կանգնելով քննադատություններից, սկսում ենք շատ կարևոր նոր ճանապարհ: Ցանկացած տարաձայնություն շատ ավելի ցածր արժեք է, քան թե այն ընդհանուր շահը, որ մեզ միավորում է»,- հայտարարեց նա:

Երեք կուսակցություններից մեկն արդեն երրորդ անգամ է դաշինքով հանդես գալու: Մյուս երկուսը, ինչպես արդեն նշվեց, ոչ վաղ անցյալում ունեցել են տարաձայնություններ` կասկածի տակ դնելով միմյանց ընդդիմադիր գործունեությունը, իսկ այսօր ընտրությունների են գնալու  դաշինքով` մեկ միասնական կուսակցություն ստեղծելու մտադրությամբ: Թե որքա՞ն կտևի այս դաշինքի «կյանքը», պարզ կդառնա խորհրդարանական ընտրություններից որոշ ժամանակ անց: Գաղտնիք չէ, որ խորհրդարան մտած դաշինքները հետագայում տրոհվում են և սկսում պայքարել միմյանց դեմ: