կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 16:28
Քաղաքական

Զգույշ խոսեք. Վիգեն Սարգսյան

Զգույշ խոսեք. Վիգեն Սարգսյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էին բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցի վերաբերյալ քննարկումները: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` այս հարցի հետ կապված քննարկումները ցուցիչ էին, որ իր կողմից առաջարկվող գաղափարը հուզել է յուրաքանչյուրին: Նախարարը գոհ է, որ անտարբերություն չեղավ` այս հարցի հետ կապված:

«Ես գալիս եմ այստեղ Եռաբլուրից. այսօր Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակն է: Ես այցելեցի ապրիլյան օրերին զոհված հերոսների շիրիմներին ևս: Մտածում էի` արդյո՞ք արդար է, որ մենք նոր էջ ենք բացում` հույս ունենալով, որ երբեք դրա կարիքը չի լինի, բայց մտածելով մեխանիզմների մասին, որոնք միտված են ապագային: Ես նայում էի այնտեղ կանգնած ծնողների աչքերին և հասկացա, որ մենք միանշանակ ճիշտ ենք: Որովհետև եթե մենք ինչ-որ պահի չենք ունեցել մի զինատեսակ, դա չի նշանակում, որ վաղը չպետք է փորձենք այն ձեռք բերել: Եթե մենք ժամանակին պայքարել ենք առանց խրամատ, դա չի նշանակում որ մենք չպետք է փորենք նորը: Եթե մենք չենք ունեցել պաշտպանության այս կամ այն մեխանիզմը, դա չի նշանակում, որ չենք ունենալու այն ապագայում: Այնպես որ` այստեղ եկել եմ իմ համոզմունքի մեջ շատ ամրացած, որ կազմել եմ ճիշտ նախագիծ»,- ասաց նախարարը:

Նա հորդորեց բոլորին` լավ մտածել, չէր ուզենա, որ որևէ մեկը դեմ քվեարկեր, եթե անգամ համոզմունքը թույլ չի տալիս կողմ քվեարկել: Նախարարը խնդրեց այդպիսի պատգամավորներին ոչ թե դեմ քվեարկել, այլ գոնե չքվեարկել:

Վիգեն Սարգսյանին այս օրերին անհանգստացրել է, որ շատերը շռայլորեն ցեխ էին շպրտում սպայակազմի ու գեներալների վրա: «Հավատացեք` նրանք ցեխի պակաս չեն զգում, և եթե կա մի սպա, ով արատավորել է համակարգը, մեր պարտքն է այն հայտնաբերել ու բացառել, պատժել: Այստեղ` ԱԺ-ում էլ, կան մարդիկ, ովքեր խոր թաթախված են այդ ցեխի մեջ, ուրեմն եկեք մտածենք, թե ում վրա ինչ ցեխ ենք շպրտում: Զգույշ խոսեք»,- ասաց նախարարը:

Սարգսյանը վտանգավոր է համարում կարծիքը, որ ապօրինի հարստացածները պետք է շատ վճարեն, որովհետև, նման ձևով մտածելով, լեգիտիմացնում ենք այդ` ապօրինի հարստացածներին: «Երբ ասում եք` ով շատ է կերել, թող շատ վճարի, դա իմ քաղաքականությունը չէ, ես դրան դեմ եմ: Ես կողմ եմ, որ սահմանենք պարտադիր տուրք: Մենք ստանում ենք զանգեր ընտանիքներից, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, նրանք խնդրում են, որ իրենց չհանենք այդ վճարը տալու ցուցակից: Ես նրանց հասկանում եմ»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` «ազգ-բանակ» գաղափարը վճար գանձելը չէր, դա հեռուն գնացող գաղափար է: