Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ն այն երկրներից է, որտեղ նախընտրական ծրագրերին սովոր են լուրջ վերաբերվել. խոսելով ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին` լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։ «Այն օրվանից, երբ Թրամփը ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, նրա խոստումների համաձայն, տեղի կունենան մի քանի փոփոխություններ»,- կարծիք հայտնեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այն, որ Թրամփը խոստացել է ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնել ԱՄՆ-ի ներքին կյանքին, նշանակում է, որ կարող է ինչ-որ չափով միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին , ՆԱՏՕ-ին ֆինանսական համապատասխան միջոցներ չտրամադրել, հետևաբար` առաջ է գալու խնդիր, թե այդ կազմակերպությունների աշխատանքներն ինչպես են ընթանալու։ «Դա մի ազդեցություն է, որը կհանգեցնի իրական փոփոխությունների, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Եթե ՄԱԿ-ում մի քանի ծրագիր փակվի, նույնը կարող է լինել նաև այստեղ»,- ասաց Պողոսյանը:
Անդրադառնալով Թրամփի նախընտրական ելույթներին` պատգամավորը նշեց, որ նա միշտ շեշտել է մի քանի երկրների հանդեպ իր վերաբերմունքը, ռուս-ամերիկյան հարաբերությունների դաշտը, խոսել է Սիրիայի մասին` չբացառելով Ասադի հետ աշխատելը, Իրանի մասին։ «Հետաքրքիր է, որ որևէ դիրքորոշում չի արտահայտել Թուրքիայի վերաբերյալ: Մեր մասին ևս ոչ մի յուրահատուկ միտք չի արտահայտել։ Եթե ռուսական իշխանությունների կողմից չլինեն անձնական մեկնաբանություններ Թրամփի անձի վերաբերյալ, ապա ռուս-ամերիկյան հարաբերություններում կտեսնենք մեղմացում։ Եթե պատժամիջոցները հանվեն, տեղի կունենա ռուսական տնտեսության զարգացում, մեր հայրենակիցներն էլ, այնտեղ աշխատելով, կարող են բարելավել իրենց վիճակը»,- ասաց նա։
Պողոսյանը նշեց, որ մտավախություններ կան, թե Թրամփը կապեր ունի Ադրբեջանում, և դա կարող է ազդել Արցախյան հարցի լուծման վրա։ «Չեմ մտածում, թե որևէ լուրջ փոփոխություն կլինի Մինսկի խմբի շրջանակներում։ Ինչ էլ համանախագահները մտածեն, ինչ էլ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունը, Արցախյան հիմնախնդրի բանալին գտնվում է Արցախում և Հայաստանում»,- ասաց նա։
Պատգամավորը հորդորեց պայքարել կոռուպցիայի դեմ, անպատժելիության մթնոլորտը կոտրել և ամուր պահպանել մեր դիրքերը։ «Այդ պարագայում աշխարհում ովքեր էլ հավաքվեն, որևէ բան չեն կարողանալու անել»,- հավելեց նա։