Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո նկատելի դարձավ, որ Հայաստան-Իրան հարաբերությունների տնտեսական մասում նկատելի առաջընթաց կա. այսօր լրագրողներին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան այցը կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում: Ըստ իրանագետի՝ հաշվի առնելով իրանակական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների քանակն ու ինտենսիվությունը, կարելի է կանխատեսել, որ Ռոհանին Հայաստանում կլինի ոչ ուշ, քան դեկտեմբերի երկրորդ կեսին: Ոսկանյանն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի համագործակցության շրջանակը հատկապես ամրացել է էներգետիկ և գազի ոլորտներում:
«Հայաստանը ստեղծել է կազմակերպություն, որ պետք է զբաղվի դեպի երրորդ երկիր՝ Վրաստան, գազ արտահանմամբ: Հնարավորություն է ստեղծվում, որ իրանական գազն արտահանվի Վրաստան»,- ասաց Ոսկանյանը՝ հավելելով, որ այս համատեքստում Ռուսաստանի՝ թույլատրելու-չթույատրելու խնդիրն ուռճացված է, և ՌԴ-ն հասկացել է՝ մասնակցային տարբերակն ավելի ընդունելի է: Իրանագետը շեշտեց նաև, որ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի արտահանումը մեր երկրի համար տնտեսապես շահավետ կլինի, և Հայաստանի աշխարհաքաղաքական դերը կբարձրանա:
Ոսկանյանի խոսքով՝ Հայաստան-Իրան հարաբերություններում կարևորագույն քայլ է վիզային ռեժիմի չեղարկումը: «Հայաստանն ու Իրանը հասել են այնպիսի հարաբերությունների, որ միմյանց երկիր այցելելու համար մուտքի արտոնագիր հարկավոր չէ»,- ասաց իրանագետը՝ ընդգծելով, որ այստեղ առկա է նաև հոգեբանական գործոն, և վիզային ռեժիմի չեղարկումը նպաստել է իրանցի զբոսաշրջիկների` Հայաստան այցի աճի վրա:
Ոսկանյանի կարծիքով` լավ կլիներ, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը հնարավորինս արագացվեր:
Իրանագետը նշեց նաև, որ կարևոր է երկու երկրների մշակութային հարաբերություններ սերտացումը: «Մշակութային հարաբերությունների սերտացմանը մենք պետք է լրջագույն ուշադրություն դարձնենք»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր որոշ հարևաններ անհանգստացած են հայ-իրանական հարաբերությունների խորացմամբ: Յուրաքանչյուր հայամետ իրանցի մեզ համար շատ կարևոր է»: