Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը երեկ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցմանը միտված վերանայման հայտով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Փոփոխություններ են նախատեսվում նաև տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես` ջերմոցային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկություններին մատակարարվող գազի սակագներում:
Ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի` գազի սակագնի իջեցումը, առանց այլ մեկնաբանությունների, ինքնըստինքյան ողջունելի է, բայց խնդիրն այն է, թե որքանո՞վ են իջեցնում սակագինը:
Բոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ դրամով իջեցնելն էլ կարելի է համարել իջեցում: «Հայտը ներկայացվել է, որ բնակչության համար 7 դրամով իջեցվիլ, սա չափազանց փոքր թիվ է: Պետք է հասկանալ, որ 7,7 դրամով իջեցումը, ըստ էության, մեծ օգուտ չի ենթադրելու մեր բնակչության համար: Սա վերաբերում է նաև տնտեսվարող սուբյեկտներին և մասնավորապես` ջերմոցային տնտեսություններին»,- ասաց տնտեսագետը:
Բոստանջյանի կարծիքով` գործն անելուց հետո պետք է այնպես անել, որ բոլոր սուբյեկտները, սպառողները կարողանան, իրենց գործունեության առումով, գտնել ելքեր, նպաստավոր պայմաններ: «Նման կարգի իջեցման պարագայում ո'չ քաղաքացիները, ո'չ տնտեսվարողները չեն գրանցի այն արդյունքները, ինչին ձգտում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսությունն իսկապես գտնվում է չափազանց ծանր վիճակում, աղքատության բարձր մակարդակի և եկամուտների ցածր մակարդակի պայմաններում, այս ամենը չի նշանակում սակագնի իջեցում:
Բոստանջյանը հիշեցրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքը, որ գազի սակագինը պետք է նկատելի իջեցվի: «Եթե նկատելի իջեցում պետք է լինի, ապա 146,7 դրամի մակարդակը իջեցնել 7 դրամով` նկատելի իջեցում չէ: Առավել ևս, որ նոր կառավարությունը ուզում է այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելուն, բայց այս կիսատ քայլերը, ամենայն հավանականությամբ, գործին չեն օգնելու»,- ասաց նա:
Ըստ Բոստանջյանի`այս քայլը կարելի է դրական որակել, բայց առարկայական նվաճում ու հաջողություն չենք կարող գրանցել: «Մենք, Ռուսաստանի Դաշնությունից 150 դոլարով առնելով հազար խորանարդ մետրը, մեր քաղաքացիներին վաճառում ենք 2 անգամ թանկ, այսինքն` մեկ խորանարդ մետրը 72 դրամ է: Հիմա 7 դրամով իջեցնում են, արտակարգ հաջողությո՞ւն է դա: Բոլորին հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» գերշահույթով աշխատող ընկերություն է ՀՀ-ում, խոշոր հարկատուների 1-ին տեղն է գրավում, առավել ևս, որ վարչապետը դրա մասին բարձրաձայնել էր, այսինքն` վարչապետը շատ լավ գիտի տվյալ տիրույթում գոյություն ունեցող ռեզերվների, հնարավորությունների մասին, և այդ բոլորը չափագրվեց, արժեւորվեց 7 դրամո՞վ»,- ասաց Բոստանջյանը: