կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 17:00
Քաղաքական

Հիմա այլ քաղաքական իրավիճակ է. ՀՀԿ-ն՝ Ծառուկյանի վերադարձի մասին

Հիմա այլ քաղաքական իրավիճակ է. ՀՀԿ-ն՝ Ծառուկյանի վերադարձի մասին

Արդեն հայտնել ենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ ինքը բոլորին ներել է, և չի բացառել իր` քաղաքականություն վերադառնալը: Yerkir.am-ը Գագիկ Ծառուկյանի այս հայտարարության մասին փորձեց մեկնաբանություններ վերցնել ՀՀԿ-ական պատգամավորներից:

«Մեզ բոլորիս, մեր բոլոր մեղքերի համար թող ների Աստված, միայն Աստված իրավունք ունի ներելու»,- Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա՝ քաղաքացին, անձը ինքը պետք է որոշի` վերադառնում է քաղաքականություն, թե` չի վերադառնում, զբաղվում է քաղաքականությամբ, թե` չի զբաղվում: «Ես չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանը գնացել էր, նա Ազգային ժողովի պատգամավոր է, կար և մնում է, իսկ վերադարձի հետ կապված` դա բացառապես նրա որոշումը պետք է լինի»,- ասաց Սահակյանը:

Հարցին` Գագիկ Ծառուկյանն այլևս չարիք չի՞ համարվի քաղաքականության մեջ, նա պատասխանեց. «Երևույթներին են վերաբերվել և՛ չարիքը, և՛ մնացած բոլոր գնահատականները, այլ ոչ թե` անձերին: Անձերի վիրավորելու խնդիր երբևէ չի եղել»,- ասաց ՀՀԿ-ականը:

Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց` ո՞ւմ է ներել Գագիկ Ծառուկյանը և ինչի՞ համար, հարցը պետք է ուղղել Գագիկ Ծառուկյանին:

«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում վերադառնալ քաղաքականություն, մնալ քաղաքականությունում, թե` չմնալ: Ճիշտ այդպես էլ Գագիկ Ծառուկյանը ինքը կորոշի` վերադառնալ, թե` ոչ, դա իր անձնական գործն է»,- ասաց նա: Ապա անդրադառնալով նրան, որ նախագահը հայտարարել էր, թե Ծառուկյանը չարիք է քաղաքականության մեջ, ասաց. «Անցած թեմաներից մի' խոսեք»:

«Զուտ անձնական մարդկային հարթությունում ես դրական եմ վերաբերվել միշտ Գագիկ Ծառուկյանին` բոլոր ժամանակներում` և՛ փետրվարից առաջ, և՛ փետրվարին, և՛ փետրվարից հետո, և՛ այսօր, բայց կվերադառնա, թե` ոչ, դա բացառապես նրա իրավունքն է և որոշելիքը»,- հավելեց Եսայանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցերին հրաժարվեց պատասխանել: «Ես արդեն ասել եմ, որ չեմ պատասխանելու ոչ մի հարցի»,- ասաց պատգամավորը: Արմեն Աշոտյանը ևս հրաժարվեց անդրադառնալ Ծառուկյանի թեմային:

Ամալյա Առաքելյան