կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 14:48
Քաղաքական

ՀՀԿ-ն հումորով է վերաբերվում ՀԱԿ-ի հայտարարությանը

ՀՀԿ-ն հումորով է վերաբերվում ՀԱԿ-ի հայտարարությանը

Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, թե, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մեծ գործընթաց է սկսում` քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելով ընդդիմադիր ուժերի, ՀԿ-ների հետ՝ ընտրությունների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ-ի այդ հայտարարությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե ՀԱԿ-ը նման բան չհայտարարեր, ես կզարմանայի: Շուրջ 15 տարի է՝ նմանատիպ հայտարարություններ է անում, էս անգամ մի փոքր ուշացրել են»:

ՀՀԿ-ականը ուրախ է, որ քաղաքական ուժերը ցանկություն ունեն վերահսկելու ընտրությունները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրան հումորով է վերաբերվում: «Իրանք իրանց մեջ ուզում են Լևոն Զուրաբյանին փոխեն, ուրիշի՞ն դնեն ֆրակցիայի նախագահ: Անկախ ՀԱԿ-ի ու իշխանության ցանկությունից, անկախ «Բարգավաճ»-ի ու «Վերածնունդ»-ի ցանկությունից, անկախ նոր բացված կուսակցությունների ցանկություններից և տարբեր` ներկա, նախկին պաշտոնյաների ամբիցիաներից` ժողովուրդը, հանրությունն իր ընտրությամբ կորոշի` ով կմնա իշխանության, եթե կմնա` ով կգա իշխանության, ով կլինի ընդդիմություն»:

Հարցին` եթե բոլոր ընդդիմադիրները միավորվեն, ՀՀԿ-ի շանսերն ինչպե՞ս է գնահատում` նա պատասխանեց. «Մշուշոտ է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, որովհետև այսօր արդեն ընդդիմադիր ուժերից գոնե մեկը հայտարարել է, որ չի պատրաստվում միավորվել ՀԱԿ-ի հետ: Ըստ նրա` ընդդիմադիրները չպետք է միավորվեն գեղեցիկ վարսահարդարման շուրջ, այլ պետք է միավորվեն գաղափարի շուրջ, իսկ ընդդեմ իշխանության, ոչ թե հանուն գաղափարի` այդ ընդդիմությունը եթե անգամ հասնի հաջողության, հետընտրական պրոցեսներում փոշիանալու է»: