կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 13:43
Հասարակություն

Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով

Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով

97թ. Էր: Բանտում էիր: Իշխանությունը քաղաքական ինչ-որ պայմաններ էր դրել՝ քեզ ու Հրանտին վաղաժամկետ ազատելու համար: ԳՄ-ին նամակ գրեցիք՝ հատու, հայոյանքախառն՝ «Իշխանության որեւէ պայմանի չհամաձայնեք…» Շարունակությունը՝ քաղաքային ֆոլկլորին հատուկ, քո՝ երեւանյան բառ ու բանով` պայմանադիրներին ուղղված «հաճոյախոսություններ»:

 

Բանտից դուրս եկար՝ հումորդ պինդ պահած՝ «…Շան տղեքը մի երկու ամիս ավել պահեին՝ իսպաներեն էլ կսովորեի»: Անգլերենին արդեն հասցրել էիր տիրապետել: Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարհանքով: Մնացիր վեհանձն, երբեք քենախնդիր չդարձար... Բանտարկությանս երրորդ օրը աննկարագրելի դժոխային մի խցից ինձ տեղափոխեցին մեկ այլ՝ համեմատաբար կոկիկ, մաքուր, պատին՝ Մեծ Հայքի փոքրիկ քարտեզով մենախուց: Դու արդեն տեղի հնաբնակներից էիր:

 

Հաջորդ օրը ստացա առաջին «քսիֆը»՝ «Աչքդ խցիս վրա էր, հա… Խմբի առաջիկա ժողովին… կստանաս»: Պարզվեց՝ քո նոր խուցը անտանելի էր՝ վխտացող մուկ ու առնետով: Հիշեցի՝ բարետես մկներից մեկին էլ Շողո փաղաքշականով էիր դիմում, հաճոյախոսում…Խմբի ժողովները «քսիֆներով» էր՝ բանտախցերը հիմնականում լցված էին դաշնակցականներով:

 

Սիրում էիր կյանքը ու քո կերպարով մյուսներին էլ կյանքը համոզիչ էիր դարձնում: Քեզանով հայկական քաղաքական եւ, հատկապես, պառլամենտական մշակույթը ինտելեկտուալ ու հռետորական արվեստի նոր գույներով հարստացավ: Լինելով պատմաբան՝ ողնաշարով էիր զգում հայրենի Անկախ պետականության բացառիկ արժեքը եւ քո ամբողջ կարողություններով պայքարում՝ այն պաշտպանելու եւ կայացնելու համար… Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան