Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱՊԿ-ը արհեստական կառույց չէ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով երեկ Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին:
Սահակյանը կարծիք հայտնեց, որ մենք, ապրելով մի տարածաշրջանում, որտեղ բավական լուրջ գործընթացներ են տեղի ունենում, որևէ կառույցի անդամ պետք է լինենք: «Լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը` պետք է լինենք ՀԱՊԿ անվտանգության համակարգի մեջ: Այդ մի քանի քայլերը` քարտուղարի պաշտունում մեր նշանակվել-չնշանակվելը, չպետք է հիմք հանդիսանա, որ մենք գանք այն եզրահանգմանը, թե ՀԱՊԿ-ը արհեստական կառույց է»,- ասաց նա` հավելելով` շատ ավելի լուրջ հարցեր և խնդիրներ կան ՀԱՊԿ անվտանգության համակարգի տակ:
Սահակյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն արդեն երկրորդ անգամ Հայաստանին չհանձնելը խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ նախագահները չեն ուզում Հայաստանին տեսնել ՀԱՊԿ կազմում:
Մեր այն հարցին, թե ի՞նչ է տալիս մեզ ՀԱՊԿ անդամակցությունը, պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք այսօր ազատ Արցախ, մենք ունենք որոշակի ապահովվածություն, մենք ունենք երկրների հետ հավասարը հավասարի հետ նստելու հնարավորություն, դա, իհարկե, այս հավաքական անվտանգության համակարգի մաս կազմելու արդյունքն է, ինչպես նաև մեր ազգային բանակի, մեր ժողովրդի շնորհքն է»:
Ինչ վերաբերում է այն հարցին` արդյո՞ք ՀԱՊԿ համագործակցությունը, որ մեզ գրեթե ոչինչ չի տալիս, չի տրամադրի Հայաստանին ՆԱՏՕ-ի դեմ, Սահակյանն արձագանքեց. «Ամեն ինչ նորմալ է: Մենք ունենք մեր պետության շահերը և անելու ենք ամեն ինչ` հանուն մեր երկրի անվտանգության, մեր ժողովրդի բարօրության, և այդ հարաբերություններում էլ, իհարկե, լինում են և' զիջումներ, և' փոխզիջումներ, և' ձեռքբերումներ, այնպես որ` այդ հարցը չպետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ»:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատացնելու գործոնո՞վ է պայմանավորված մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին» հարցին էլ Սահակյանը պատասխանեց. «Մեր անվտանգության գործոնով է պայմանավորված: Մեր տարածաշրջանը շրջապատված է թշնամական, մուսուլմանական պետություններով: Մենք ունենք ընդամենը վրացական կողմից սահման` դեպի դուրս, Իրանի Իսլամական Հանրապետության հետ էլ տարբեր սահմանափակումներ կան: Այս փոքր անկյունում մենք պետք է ունենանք առավել հուսալի անվտանգության համակարգ: Նույնիսկ գերհզոր պետությունները` Եվրոպայից մինչև ԱՄՆ, տարբեր անվտանգության համակարգերի մաս են կազմում, և դա բնական է: Դա պայմանավորված է բացառապես մեր պետության շահերով»: