կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 17:55
Քաղաքական

Բացառվում է, որ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման վերջակետը դրվի հողային զիջումների վրա. Դավիթ Իշխանյան

Բացառվում է, որ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման վերջակետը դրվի հողային զիջումների վրա. Դավիթ Իշխանյան

Այսօր Արցախը տոնում է իր անկախության 25-ամյակը: Բանակցային գործընթացների, հնարավոր փոխզիջումների մասին Yerkir.am-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ:

Ըստ նրա` ապրիլից հետո ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, փակուղում է: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ թե\' Հայաստանի, թե\' Արցախի իշխանությունների ամենակարևոր խնդիրն այն է, որ ապագայում բանակցային գործընթացը վերսկսելիս Արցախը ներգրավվի` որպես բանակցային կողմ:

«Առանց Արցախի` բանակցային գործընթացին մասնակցության որևէ հարցի լուծման հեռանկար չենք տեսնում: Ի՞նչ կլինի ապագայում, դժվար է կանխատեսել, բայց պարզ է, որ հարցի հանգուցալուծումը պետք է դիտարկել ոչ ռազմական գործողությունների շրջանակներում»,- ասաց Իշխանյանը:

Խոսելով փոխզիջումների մասին տարաբնույթ լուրերի մասին` նա կարծիք հայտնեց, որ արցախյան կողմը, հատկապես` ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ավելի ամրապնդեց իր կեցվածքը` բացառելով հողային զիջումների տարբերակը: «Պատահական չէ, որ սոցհարցումները ցույց տվեցին, որ Արցախի բնակչության 99%-ից ավելին բացառում է, որ Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջակետը դրվի հողային զիջումների վրա: Նույնիսկ մնացած` 1% բնակչության շրջանում առկա այդպիսի միտում պետք է իսպառ վերացնել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Արցախի զինված ուժերի պատրաստականությանը` մեր զրուցակիցը նշեց, որ, պարբերաբար լինելով դիրքերում, առաջնագծում, սահմանին գտնվող զինվորի մոտ, տեսնում են` զինվորի մարտական ոգին կոտրված չէ ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նաև կան ինժեներական նոր կառույցներ, ռազմական համալրվածություն և պատնեշի ամրապնդում, սա նույնպես հուսադրող է և երաշխավորում է ավելի խաղաղ և անվտանգ լինելը: