Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ վաղ առավոտից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ պարզապես ամոթ է մտահոգվել այդ ուսումնամարզական թռիչքների համար, քանի որ մեր բանակը կազմ ու պատրաստ է և անհանգստանալու կարիք չկա: «Իհարկե, հաշվի ենք առնում ու բանակը համապատասխան քայլեր ձեռնարկում է ու պետքական բոլոր գործողությունները կատարում է: Նույնիսկ, եթե հարևանի հետ փայլուն հարաբերություններ է ունենում պետությունը, նման դեպքերում համապատասխան քայլեր ձեռնարկում է: Մեր պարագայում մենք կրկնակի զգոն ենք ու կրկնակի ուշադիր: Որևէ խուճապ, որևէ անհանգստություն չկա, զինված ուժերն իրականացնում են իրենց մարտական հերթապահությունը`ամենօրյա գրաֆիկով: Ուշադիր հետևում ենք այդ բոլոր զորավարժություններին, բայց ամեն ինչ նորմալ է և անհանգստանալու կարիք չկա»,- ասաց Բաբայանը`հավելելով. «Ինչքան ուզում են թող շարունակեն, մենք մեր խնդիրը կատարելու ենք` առանց նայելու` նրանք ինչպիսի զորավարժություններ են անում»:
Խոսելով Արցախում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին`Բաբայանը նշեց, որ դրությունն այս պահին հանգիստ է, և մարդիկ շարունակում են իրենց բնականոն կյանքը: «Սփյուռքից արդեն բազմաթիվ երեխաներ են այցելել Արցախ, բանակումներ են կազմակերպվում, ամառային ճամբարներ ու, ընդհանուր առմամբ, ամառային նորմալ սեզոն է»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, Բաբայանը նշեց, որ միակ բանը, որն այս պահին անհանգստացնում է արցախցիներին, սաստիկ շոգն է:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին և այդ համատեքստում շարունակաբար հնչող փոխզիջումային տարբերակին`Բաբայանն ընդգծեց, որ քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, որևէ բանի մասին խոսելն անիմաստ է դառնում: «Եթե մենք չենք մասնակցում, ո՞նց կարող է մեր ճակատագիրը լուծեն, որոշեն, մենք պետք է մասնակցենք: Այն ինչ Ադրբեջանն ուզում է, կարծրատիպերի վրա հիմնված ֆաշիստական, ապակառուցողական քաղաքականություն է: Եթե նրանց մոտեցումները փոփոխության չենթարկվեն, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր ձեռնարկել, հատկապես միջազգային հանրության կողմից, որ Ադրբեջանը փոխի իր մոտեցումները»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Նրա խոսքով`Ադրբեջանն ազնիվ է այստեղ և չի թաքցնում իր նպատակները.
«Նրա նպատակն Արցախը բռնակցելն է, և նա չի թաքցնում այդ նպատակը, սրա համար շնորհակալություն ենք հայտնում, որ ազնիվ է ու իր նպատակները չի թացնում, բայց այդ նպատակները պարզապես անիրատեսական են և որևէ ձևով չեն կարող լինել հակամարտության կարգավորմանը նպաստող գործոններ: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ ուզում է մեզ բռնակցել և միշտ էլ ասում է, որ երկրորդ հայկական պետություն չի լինելու` մոռանալով, որ երկրորդ հայկական պետությունը 1923 թվականից կա, պարզապես փոխել է կարգավիճակը»: