Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ արտգործնախարարները Հայաստանում են` չնայած շոգ է, Հայաստանն էլ ծով չունի: Նրանց ընդունել է նախագահ Սարգսյանը, իսկ մինչ այդ համատեղ նիստ են արել ու հայտարարություններ ընդունել՝ Սիրիայի ապա եւ Ղարաբաղի հակամարտությունների մասին: Ոչ մի կարեւոր բան: Կարեւորն այն է, որ Երեւան է ժամանել Սերգեյ Լավրովը, իսկ ամենակարեւորն այն է, որ պարոն Լավրովին ուղեկցում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կայցելի՞ արդյոք տիկին Զախարովան Նժդեհի արձանին, թե՞ ոչ, պարզ չէ, պարզ է, որ տիկին Զախարովան Նժդեհի արձանի տեղադրումն այլեւս համարում է Հայաստանի ներքին գործը: Նա այդպես էլ ասել է հայ լրագրողներին, որոնք տիկնոջից հետաքրքրվել են, թե, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը՝ Նժդեհի արձանի վերաբերյալ: Զախարովան պատասխանել է. «Մենք Հայաստանի հետ աշխատում ենք նացիզմի հերոսացման դեմ եւ զգում ենք, որ այս հարցում Հայաստանը մեզ թեւ ու թիկունք է: Արձանի տեղադրման հետ կապված կարող եմ ասել, որ դա Հայաստանի ներքին հարցն է: Ես խնդրում եմ իմ մեկնաբանությունը բառացի մեջբերել, չխեղաթյուրել, որ այն չաշխատի հօգուտ նրանց, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:
Ռուսը մի լավ խոսք ունի՝ «դա վի չտօ՞, սերյո՞զնո»: Բա էլ զարմացած չե՞ք, որ Հայաստանը կարող է ունենալ իր ներքին հարցը, ու Հայաստանում կարող է լինել ՌԴ-ին չհանձնված մի հողակտոր, որտեղ կարող ենք կանգնեցնել այն արձանը, որը ցանկանում ենք: Այսինքն, տիկին Զախարովայի նախորդ հայտարարության ո՞ր մասն էին խեղաթյուրել, այն, որ ՌԴ-ն զարմացա՞ծ է, այսինքն` Զախարովան նման բան չէ՞ր ասել: Ասել էր չէ՞, բա էլ խեղաթյուրելը ո՞րն է…
Կամ նրանք, ովքեր Հայաստանի բարեկամները չեն, ովքե՞ր են: Շա՞տ են, հյուսիսո՞ւմ են, թե՞ արեւելքում, գուցե՝ արեւմուտքո՞ւմ են: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոնկրետ գիտի՞, թե նրանք ովքեր են, թե՞ Հայաստանի ոչ բարեկամներին որոշելը եւս Հայաստանի ներքին հարցն է: Առհասարակ չի պատրաստվո՞ւմ արդյոք ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել Հայաստանի ներքին հարցերի ցուցակ, որ իմանանք` ի՞նչ կարող ենք, ինչը՝ «նետ»: Սա, ընդ որում, Ռուսաստանի շահերից էլ է բխում, քանի որ Մոսկվայում այլեւս չեն զարմանա, որ Հայաստանն իր քիթը խոթի իր ներքին հարցերից դուրս եւ, ասենք, ղարաբաղյան բանակցություններում հայտարարի, որ չի պատրաստվում ոչինչ հանձնել: Այնպես որ, երբ վերադառնաք Մոսկվա, հարգելի\' տիկին Զախարովա, ապա մեկնեք հանգստի, հավանաբար ինչ-որ ծովափ ու երբ վերադառնաք, խնդրում եմ կազմեք Հայաստանի ներքին հարցերի ցուցակը ու հրապարակեք, թե չէ մենք չգիտենք, խառնում ենք:
Ու հա, ցուցակը անպայման թարգմանեք նաեւ հայերեն, որովհետեւ ի զարմանս Ռուսաստանի՝ Հայաստանում շատերը չեն, որ ռուսերեն հասկանում են, ընդ որում՝ որքան բարձր է տվյալ մարդու զբաղեցրած պաշտոնը, այնքան վատ է նա հասկանում ռուսերեն:
«Ուդաչի»:
Հովիկ Աֆյան