Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Ոստիկանության հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակում Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը պատվիրել է նոր տեսախցիկները, որոնք պարտադիր պետք է կրեն Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանները: Այդ մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: ՃՈ պահանջով այս սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որևէ միջամտություն:
Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:
Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն:
Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով:
Ոստիկանությունից նշում են, որ այս ամենը թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով: