կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-23 16:04
Սպորտ

Եվրո-2016. Իսլանդիա. սնանկացումից` հրաշքների իրագործում

 Եվրո-2016. Իսլանդիա. սնանկացումից` հրաշքների իրագործում

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հերթական հաջողությանը հասավ Իսլանդիայի հավաքականը:  Մրցաշարին մասնակցող` ամենաքիչ բնակչություն ունեցող այս երկրի հավաքականի համար արդեն իսկ մեծ հաջողություն էր Եվրոյի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը: Այն ճանապարհը, որն անցան իսլանդացիները` մինչև եզրափակիչ փուլում հայտնվելը, պարզապես հեքիաթային էր: 

Մինչ այս մրցաշարը ֆուտբոլային աշխարհում գրեթե «գաճաճ» երկիր համարվող Իսլանդիայի հավաքականը կարողացավ պատմություն կերտել: Իհարկե, շատերը իսլանդացիների հաջողությունը կապում են հավաքականի շվեդ գլխավոր մարզիչ  Լարս Լագերբեկի հետ, ով  2011 թվականին ստանձնեց կղզիաբնակների գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա գլխավորությամբ` իսլանդացիները կարող էին հրաշքն իրագործել դեռևս 2014 թվականին,  սական, աշխարհի առաջնության ընտրական փուլում հաջող հանդես գալով, իսլանդացիներն անցումային խաղում պարտվեցին Խորվաթիային:

Շվեդ մասնագետի գլխավորությամբ`  Իսլանդիան, ընտրական փուլում վաստակելով 20 միավոր, գրավեց  2-րդ տեղը և Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից զրկեց այնպիսի ֆուտբոլային երկրի հավաքականի, ինչպիսին Հոլանդիան է:

Խոսելով Իսլանդիայի հավաքականի պատմական հաջողության մասին` չենք կարող փոքր անդրադարձ չկատարել այն ամենին, ինչը կարողացան հաղթահարել կղզիաբնակները: Շուրջ 300 հազար բնակչություն ունեցող այս երկրում դեռևս 20 տարի առաջ   բնակչության զգալի մասը մեծ կախում ուներ թմրանյութերից և ալկոհոլից: Պետական ծրագրի շնորհիվ երկրում սկսեցին կառուցվել մարզահամալիրներ, մարզադաշտեր, մարզական տարբեր կառույցներ, ինչի շնորհիվ մի քանի տարի հետո ալկոհոլ և թմրանյութ օգտագործողների թիվը կտրուկ նվազեց:

2008 թվականին Իսլանդիան դարձավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին «զոհերից» մեկը, ինչի պատճառով երկիրը սնանկացավ` բառի բուն իմաստով:  Երկրի կոալիցիոն կառավարությունը հրաժարական տվեց: Մեկ տարի հետո գրանցվեց ՀՆԱ-ի 1,2 % աճ, արտահանումն աճեց 0,8 %-ով, իսկ ներմուծումը` 6,8 % տոկոսով, ինչը նպաստեց ռեցեսիայից դուրս գալուն: 2012 թվականի հոկտեմբերի 20-ին երկրում անցկացվեց հանրաքվե և ընդունվեց նոր Սահմանադրություն: Սա` այն մասին, թե ինչ իրավիճակից հետո կարողացան աներևակայելի հաջողության հասնել իսլանդացիները:

Ֆրանսիական մարզադաշտերում Իսլանդիային աջակցում էր երկրի բնակչության գրեթե 10 տոկոսը: Ի դեպ, խոսակցություն կար, որ 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում Իսլանդիայի բնակչության մոտ 50 %-ը կժամանի Ֆրանսիա: Նույնիսկ համացանցում սկսել են կատակել, թե այս ժամանակահատվածում կարելի է գնալ և գրավել այդ հրաշք կղզին:

Իսլանդական երազանքը կատարվել էր դեռևս այն ժամանակ, երբ ընտրանին ձեռք բերեց եզրափակիչի ուղեգիր, իսկ այն, որ իսլանդացիները կարողացան նաև եզրափակիչ փուլում հաղթահարել խմբային փուլի արգելքը, սա արդեն հեքիաթային է: Առաջին տուրում իսլանդացիները ցույց տվեցին, որ ամենևին էլ պատահական չեն հայտնվել հին աշխարհամասի մրցաշարում: Եվրոյի մեկնարկային խաղում նորեկները կարողացան մեկ միավոր խլել Պորտուգալիայի հավաքականից (1:1): Երկրորդ տուրում` Հունգարիայի հավաքականի հետ խաղում, նույն հաշիվը գրանցվեց, իսկ վերջին խաղում իսլանդացիները 2:1 հաշվով հաղթեցին Ավստրիայի ընտրանուն, ինչի շնորհիվ խմբում գրավեցին 2-րդ հորիզոնականը` իրենցից հետ թողելով Պորտուգալիայի ընտրանուն: Ի դեպ, պարզապես տեսնել  ու լսել է պետք, թե ինչպես արձագանքեց իսլանդացի մեկնաբանը Ավստրիայի հետ խաղում իր երկրի հավաքականի հաղթանակ գոլին:

Խոսելով իսլանդական ֆենոմենի մասին` չենք կարող անդրադարձ չկատարել նաև Հայաստանին: Իսլանդացիների հաջողությունը պետք է օրինակ լինի մի շարք երկրների համար, այդ թվում` Հայաստանի: Իսլանդիայի հաջողությունը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ  հաջողության հասնելու համար  ամենևին էլ պարտադիր չէ կազմում ունենալ համաշխարհային մակարդակի աստղեր: Որքան էլ հետաքրքիր են ֆուտբոլային այսպիսի խոշորագույն մրցաշարերը հայ մարզասերների համար, այնումենայնիվ, մենք այսպիսի մրցաշարերի բերկրանքը դեռևս ամբողջությամբ չենք վայելել: Սեպտեմբերին կմեկնարկի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Այս ամենի մասին դեռևս վաղ է խոսել: Հուսանք, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանը վերջապես կմասնակցի  նաև Հայաստանի հավաքականը, իսկ մենք ստիպված չենք լինի հիանալ կամ  նախանձով նայել այլ հավաքականների:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ