կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-14 18:02
Իրավական

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Արաբկիրի բաժինների և ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24- ամյա Շահեն Գասպարյանին ու Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ: 

Ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեցին նաև այն մեքենաները, որոնցով կասկածյալները, ըստ նախնական տվյալների, պետք է լքեին երկիրը: 
Նույն օրը դատարանի որոշմամբ և ընթերակաների ներկայությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում մեքենաները խուզարկվեցին: «BMW»-ից հայտնաբերվեցին դանակ, դիմակ, ոսկեղեն, բջջային հեռախոսներ, ձեռքի ժամացույցներ, ֆոտոխցիկ, ուկրաինական գրիվնի և այլն:

«Ժիգուլու» խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու զույգ ձեռնոց, մետաղյա կարճ լինգ և այլն: 
Նույն օրը խուզարկվեց Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի տունը, որտեղից հայտնաբերվեցին թանկարժեք հուշանվերներ, դանակներ, ատրճանակ և այլն: Շահեն Գասպարյանի մոտ հայտնաբերվեց նաև պոլիէթիլենային տոպրակով կանաչավուն զանգված: 

Նույնատիպ զանգված հայտնաբերվեց նաև Նիկոլայ Հարությունյանի մոտ: 
Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: 

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 
Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը ձերբակալված են:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: