Միասին կարող ենք
կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 14:53
Հասարակություն

«Կովերի գործի» խայտառակ պատմությունը. ով է իրականում անապահով ընտանիքներին կով ու հավ բաժանած և դրա համար կալանավորված անձը

«Կովերի գործի» խայտառակ պատմությունը. ով է իրականում անապահով ընտանիքներին կով ու հավ բաժանած և դրա համար կալանավորված անձը

«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական սկանդալային բացահայտումն էր ներկայացրել՝ պնդելով, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ ընտրական շրջանում ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ է նվիրել՝ խախտելով բարեգործության արգելքը։

Սակայն «Իշխանություն» լրատվականը ուսումնասիրել է ամբողջ պատմությունը և պարզել, որ գործի առանցքային դեմքերից Գևորգ Խամոյանը, ով այժմ կալանավորված է,  հանդիսանում է «Միացեք հայեր» բարեգործական նախաձեռնության կամավոր, ով տարիներ շարունակ զբաղվել է ծրագրի կազմակերպչական աշխատանքներով։

Հատկանշական է, որ «Միացեք հայեր» նախաձեռնությունը բարերար Ալեքսանդր Սարկիսյանի գլխավորությամբ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն առանձին ընտանիքների, այլև պետական և հանրային նշանակության կառույցների։ Նախաձեռնության միջոցով տարբեր ժամանակահատվածներում օգնություն է տրամադրվել Հայաստանի բանակին, զինված ուժերի ստորաբաժանումներին, պատերազմից տուժած ընտանիքներին, զոհված և վիրավորված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ սոցիալական ծրագրերի (Փաստերը՝ տեսանյութում):

2023 թվականից նախաձեռնությունը սկսել է նոր ծրագիր՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված գյուղաբնակ ընտանիքներին։ Վերջիններիս տրամադրվել են կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր և այլ տնտեսավարելու միջոցներ:

Ծրագրի իրականացումը համակարգել է հենց Գևորգ Խամոյանը, որը նաև պարբերաբար տեսանյութերով հաշվետվություններ է ներկայացրել բարերարներին՝ ցույց տալով տրամադրված օգնությունն ու շահառուներին (փաստերը՝ տեսանյութում):

Ծրագրի շահառուների մեծ մասը եղել են Արցախից տեղահանված ընտանիքներ, իսկ նրանցից շատերը Հայաստանի ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք չեն ունեցել։ Պաշտպանական կողմը ընդգծում է՝ Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության ներկայացուցիչ կամ քարոզիչ չի հանդիսացել։

Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումների հիմքում ընկած կենդանիների տրամադրման ծրագիրը եղել է «Միացեք հայեր» բարեգործական նախաձեռնության երկարամյա գործունեության մի մասը (փաստերը՝ տեսանյութում)»: