կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-04 09:45
Արցախ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել առաջնագծում. Պատմում է ԼՂՀ ՊԲ հրամանատարը

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել առաջնագծում. Պատմում է ԼՂՀ ՊԲ հրամանատարը

 

Այսօր ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հրատապ հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը` խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում տեղի ունեցած լարվածության և հակառակորդի գործողությունների մասին:


Մովսես Հակոբյանի խոսքով`այս տարի հակառակորդի գործողությունների բնույթ ուղղված է եղել դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների միջոցով առաջնագիծը ապակայունացնելուն:


«Հուլիսի 28-ից սկսած մինչ այսօր հակառակորդը տարբեր բնույթի գործողություններ է իրականացրել` հիմնականում դիվերսիոն-հետախուզական, իսկ օգոստոսի 1-ից 2-ը բացարձակ հարձակում է իրականացրել մեր մարտական դիրքերի վրա, օգոստոսի 2-ից 3-ը նաև նման փորձ է արել , և այդ ամենը հուշում է, որ հակառակորդն ունենալով անհաջողություններ բանակցային գործընթացում , փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում նման գործողություններով:


Մենք տեղեկացրել ենք հասարակությանը հակառակորդի այդ ոտնձգությունների մասին, և ՊԲ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով պարտադրել են հակառակորդին հետ շպրտվել և գնալ ելման դիրքեր, նար ՊԲ հատուկ ստորաբաժանումները որոշակի պատժողական գործողություններ են իրականացրել` փորձելով հակառակորդին բացատրել, որ այս ճանապարհը բերելու է 1992-1994 թվականներին և պսակվելու է 1994թ մայիսի 12-ով:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց խնդիրը գերազանց են կատարում , հատուկ ստորաբաժանումները ևս իրենց առաջ դրված խնդիրները իրականացրել են փայլուն կերպով, և մենք սա շարունակելու ենք:


Առաջնագիծը անխախտելի է, և որևէ մեկը չի կարողանալու փոխել այդ սահմանագիծը մեկ ուրիշ բնագծի հետ»,- ասաց Մովսես Հակոբյանը:


Իսկ թե ինչով են պայմանավորված հակառակորդի նմանօրինակ գործողությունները, Մովսես Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով կան մի քանի պատճառներ, առաջինը` Ադրբեջանի նոր պաշտպանության նախարարի նշանակումն է:


«Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ ինձ հարցրեցին, թե ի՞նչ կուզենայի, որ  Ադրբեջանի իշխանությունները ունենային, ես ասացի, որ կուզենայի` նրանք մի քիչ խելոք լինեն: Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը ուզում է ցույց տալ, որ կարող է գերազանցել նախորդին: Հաջորդ պատճառը բանակցային գործընթացում ունեցած անհաջողություններն էին, փորձում են Մինսկի Խմբի համանախագահող երկրների ուշադրությունը սևեռել այդ հիմնախնդրի լուծմանը` նրանց շանտաժի ենթարկելով»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում