կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 13:56
Քաղաքական

Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները կրկին «ձեռ առան» հայ ժողովրդին. 7or.am

Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները կրկին «ձեռ առան» հայ ժողովրդին. 7or.am

7or.am-ը գրում է.  «Ուկրաինական թոհ ու բոհի մեջ մի տեսակ աննկատ մնաց Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։

 «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը տապալելուց և այդ թեմայով ԱԺ արտահերթ նիստի քվորումը չապահովելուց հետո դա առաջին հանդիպումն էր։ Ռուբեն Ռուբինյանն, ըստ ամենայնի, իր թուրք գործընկեր Քըլըչին հաշվետվություն ներկայացրած կլինի ու արժանացած կլինի խրախուսական խոսքերի։ 

Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագրով» 

–Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, 

–թուրք–ադրբեջանական զույգը պահանջում է Զանգեզուրի միջանցք, 

–մերժում է Հայոց ցեղասպանությունը և առաջարկում թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, 

–եթե Հայաստանը որոշի կռացած դիրքից ոտքի կանգնել, ապա մեր թշնամիները դա կհամարեն ոտնձգություն իրենց շահերի դեմ ու համատեղ ուժերով կանցնեն գրոհի։

 Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մտահոգություն չի ուզում հայտնել այս հռչակագրի թեմայով՝ դրանով իսկ մեսիջ հղելով Թուրքիային ու Ադրբեջանին, որ ընդունում է նրանց նախապայմանները, զուգահեռաբար մեսիջ հղելով մեր դաշնակիցներին ու ամբողջ աշխարհին, որ ընտրել է թուրքամետ վեկտորը։

 Այսքանից հետո կրկին հայտարարել, որ հայ–թուրքական նոր հանդիպման ժամանակ Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են, որ հարաբերությունները կարգավորելու են առանց նախապայմանների, նշանակում է կրկին «ձեռ առնել» հայ ժողովրդին, քանզի թուրք–ադրբեջանական նախապայմանները Նիկոլ Փաշինյանը կա՛մ բավարարել է, կա՛մ գտնվում է բավարարման փուլում։ Թուրքիայի այդ ո՞ր նախապայմանը բավարարված չէ, որ մի հատ գրում են, թե բա պայմանավորվել են առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները։

 Նիկոլն ամենօրյա ռեժիմով «ապացուցում» է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Նա փաստացի հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետականորեն հետապնդելուց՝ հայտարարելով, որ այդ հարցով նախևառաջ պետք է զբաղվի սփյուռքը։

 Մերժելով «Շուշիի հռչակագրի» դեմ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց ՀՀ անկախության հռչակագրին և հերթական անգամ ընդունեց թուրք–ադրբեջանական նախապայմանները։ Մնացածը ծաղր է ՀՀ–ի ու հայ ժողովրդի նկատմամբ»։