Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր շարունակվեց եւ ավարտվեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Այս մասին գրում է «ԳԱԼԱ»-ն:
Ընդհանուր առմամբ, Պերմյակովը հարցաքննվել է 17 անգամ: Ցուցմունքներում բազմաթիվ առանցքային նշանակության հարցերի նա հակասական պատասխաններ է տվել, մասնավորապես` երեխաների սպանության հանգամանքներին անդրադառնալիս: Վալերի Պերմյակովը պնդում է, որ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին սպանելիս գործի է դրել զենքին ամրակցված սվին-դանակը: Նա նույնն էր պնդել նաեւ դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննության ժամանակ: Սակայն հայտնի է, որ Հասմիկ Ավետիսյանի վրա չեն հայտնաբերվել սվին-դանակի հետքեր:
Փորձաքննությունները վկայում են նաեւ, որ Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրություն ցույց տալ: Սակայն Պերմյակովը հարցաքննություններում միանշանակ պնդում է, որ նման բան չի եղել:
Ճիշտ չի հիշում նաեւ, թե դանակի քանի հարված է հասցրել Սերյոժա Ավետիսյանին: Ցուցմունքներից մեկում ասել է՝ 2-3 անգամ, այնինչ` փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է կտրած-ծակած 5 վերք, մեկ վերք էլ հայտնաբերվել է փոքրիկի մոր՝ Արաքսյա Պողոսյանի ձախ բազկի շրջանում եւ մեկ հարված՝ վերմակին: Սա նշանակում է, որ Պերմյակովը 6-7 անգամ է սվին-դանակով փորձել հարված հասցնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին: «Չգիտեմ, հարվածել եմ այնքան ժամանակ, մինչեւ որ հանգստացավ»,- պատասխանել է Պերմյակովը:
Ավարտելով ցուցմունքների հրապարակումը՝ փաստաբանները մի շարք հարցեր ուղղեցին Պերմյակովին: Նա, սակայն, գերադասում էր հարցերին շատ կարճ պատասխանել, հիմնականում՝ չեմ հիշում, չեմ ուզում պատասխանել, չգիտեմ:
Իսկ, առհասարակ, հիշո՞ւմ է, որ ինքն է սպանություն կատարել: Այս հարցին պատասխանեց՝ այո: Վերստին նշեց, որ զղջում է: Հարցին, թե ի՞նչ կերպ է արտահայտում զղջումը, պատասխանեց՝ ոչ մի կերպ: Ասելիք չունի՞ արդյոք Ավետիսյանների հարազատներին, արձագանքեց՝ ոչ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: