Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզմանը՝ նշելով, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին` ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հավելենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը, նշել է, որ կատարվածն անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք է: Ըստ նրա` շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: