Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Գաուկին` նրա մարդասիրական գործունեության համար, նշելով, որ դրա շնորհիվ ԳԴՀ Նախագահի անունն ու գործունեությունը քաջ հայտնի են նաև Հայաստանում։ ՀՀ Նախագահը պատահական չի համարել, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց անցյալ տարվա ապրիլին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագի ժամանակ Նախագահ Գաուկի ելույթը, որը հայ ժողովրդի համար մեծ կարևորություն ունի։ Նախագահ Սարգսյանը նշել է, թե ուրախ է հանդիպել մի մարդու, ով գտավ ամենաճիշտ բառը` բնութագրելու Հայոց ցեղասպանությունը: Նա չափազանց կարևոր է համարել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որով, ըստ Նախագահի, կամբողջանա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Սերժ Սարգսյանը Գերմանիայի Նախագահին տեղեկացրել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի և կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումների մասին, գոհունակությամբ նշելով, որ տպավորված է տեղի ունեցած քննարկումներից՝ միտված դինամիկ զարգացող հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը։
ՀՀ Նախագահն ընդգծել է, որ ԳԴՀ հետ հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա, որին կարող է նպաստել նաև զարգացող ապակենտրոնացված փոխգործակցությունը:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Յոախիմ Գաուկը հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: