կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-10 12:27
Տնտեսական

Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները չպետք է գերագնահատենք. Վարդան Այվազյան

Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները չպետք է գերագնահատենք. Վարդան Այվազյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ զրուցեց Իրանի և Հայաստանի համագործակցության հնարավորությունների, հեռանկարների մասին:

Այվազյանի խոսքով` Հայաստանի շանսերն իսկապես ռեալ են, և հնարավորություններ միշտ էլ ունենք: «Աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ: Իրանի պես երկրի մուտքը լրջագույն փոփոխություն է: Պետք է ասեմ, որ Իրանի նավթային պաշարները երկու անգամ գերազանցում են ՌԴ-ի նավթային պաշարները: Իրանը պետք է ձգտի էներգետիկ ռեսուրսները հանել միջազգային շուկա: Սիրիայում էլ պատահական չեն այս թոհուբոհները: Իրանն արդեն իսկ հայտ է ներկայացրել, և Վրաստանը ձգտում է օգտվել իրանական գազից: Վրաստանը ձգտում է Իրանից գազ ստանալ, և շատ կարևոր է, որ այդ տարանցիկ երկիրը լինի Հայաստանը»,- ասաց նա` հավելելով, որ մեր հնարավորությունները պետք է կարողանանք օգտագործել:

Պատգամավորը նշեց, որ մենք պետք է նախանձախնդիր լինենք այս հարցերի թնջուկի մեջ: «Բանակցություններ գնում են, և եթե առաջին մակարդակներում հանդիպումներ են գնում, ուրեմն իսկապես լուրջ խնդիր կա»,- ասաց նա:

Այվազյանն անդրադարձավ նաև Ադրբեջան-Վրաստան-Իրան էներգետիկ պայմանավորվածություններին: Հարցին, թե խանդով չի՞ վերաբերվում արդյոք այդպիսի պայմանավորվածություններին, Այվազյանը պատասխանեց, որ խանդ միշտ էլ կարող է լինել:

Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին` նա ընդգծեց, որ պետք է հասկանանք`մենք ինչ կարող ենք տեղափոխել այդ երկաթգծով և ինչ ուղղությամբ: «3,7 միլիարդ դոլար է Իրան-Հայաստան երկաթգծի արժեքը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ համագործակցության առումով մենք բազում շանսեր ունենք, բայց դրանք չպետք է գերագնահատենք և զուր հույսեր տանք մեր ժողովրդին: «Տրանզիտի հետ կապված` Իրանն ունի էներգետիկ մեծ ռեսուրսներ, բայց այդ ռեսուրսները պետք է ռեալ գնահատել: Վրաստանը հարց է բարձրացնել, որ Իրանից գազ գնի` կա\'մ Հայաստանով, կա\'մ Ադրբեջանով: Հայաստան-Վրաստան գազամուղը կա: Դա ռեալ է, բայց բանակցությունների մասին չի կարելի ամպագոռգոռ հայտարարություններ անել: Ադրբեջանը Վրաստանին գազը վաճառում է 250 դոլարով»,- նշեց Այվազյանը: