Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ և այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է իրականացնում բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում Microsoft-ի հետ:
«Մեր համագործակցության շրջանակում արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Microsoft ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է մեր երկրում այս ոլորտում նոր գաղափարների ներդրումը և սկսնակ ընկերությունների ձևավորումը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ համատեղ կարևոր նախաձեռնություններից է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը:
Հաշվի առնելով Microsoft-ի հետ փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյը նշել է, որ տպավորված է Microsoft-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ ու ձեռքբերումներով: «Հայաստանի հեղինակությունը ՏՏ բնագավառում իր հաջողություններով հասել է համաշխարհային մակարդակի և բազմաթիվ երկրներ հետաքրքրված են ձեր երկրի անցած ուղով»,- ասել է Մարկ Դեյը:
Նա ընդգծել է, որ Microsoft-ը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցությամբ և շեշտել Հայաստանի հնարավորությունները՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոնի վերածվելու գործում: Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցերի ևս: