Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «PUM» Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նիդերլանդների կառավարության կողﬕց ֆինանսավորվող այս կազմակերպությունը կոչված է նպաստել ձեռնարկատիրության և աշխատատեղերի ստեղծման միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը, աջակցել գործարարությանը զարգացող երկրներում և շուկաներում: PUM-ն աջակցում է ձեռներեցներին տեխնիկական միջոցներով, իրականացնում է կարճաժամկետ խորհրդատվական առաքելություններ ավագ գործարարների ու վերլուծաբանների, կամավորների կողմից` ապահովելով գործնական գիտելիքներով և փորձառությամբ:
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և հուսով ենք, որ հայ մասնագետների վերապատրաստման հարցում ձեր կազմակերպությունը կարող է մեզ մեծ օժանդակություն ցուցաբերել», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր հերթին Ալբերտ Ուեսթերինգսը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է «PUM» հիմնադրամի ուշադրության կենտրոնում և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպման ուղղությամբ:
Նկատի ունենալով Նիդերլանդների Թագավորության հաջող փորձն ագրարային բնագավառի տարբեր ճյուղերում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել հոլանդացի փորձագետների ներգրավմամբ մեղվաբուծության ոլորտում համագործակցության հնարավորությունը` հետագայում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու հեռանկարով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, մարքեթինգի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր: