կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-15 11:41
Քաղաքական

Նախագահի թիմը հանգիստ է. ՀՀԿ-ական

Նախագահի թիմը հանգիստ է. ՀՀԿ-ական

ՀՀ նախագահի ծրագրային ելույթն ուղղված էր բոլորին՝ սկսած շարքային քաղաքացուց, վերջացրած պաշտոնյաներով. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա` դա ելույթ էր սահմանադրական հանրաքվեից հետ, և անհրաժեշտ էր, որ հստակ մատնանշվեին երկրում առկա խնդիրները: Պատգամավորի համոզմամբ` նախագահը բարձրաձայնեց այն խնդիրների մասին, որոնց հիմքերը դրվել են դեռևս 1991-ից:

«Փորձում ենք հերոսաբար հաղթահարել նախկին իշխանությունների սխալները: Այն խնդիրները, որոնք կան, և երկրի նախագահը բարձրաձայնում է, պետք է ճիշտ գնահատել և հետևություն անել: Մենք երբեք չենք ասում, որ խնդիրներ չունենք, այո\', ունենք և դրա համար գնացինք սահմանադրական փոփոխությունների: Մենք պետք է հասկանանք, որ երկիրը լուրջ քաղաքական գործընթացի մեջ է մտնում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ուշագրավ էր նախագահի ելույթի այն հատվածը, որում խոսվում է այն մասին, որ չինովնիկներն իրենց արած վատ աշխատանքի համար մեղքը չգցեն բարձր պաշտոնյաների վրա: Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ՝ նախագահի թիմը հանգիստ է և շարունակում է զբաղվել իր գործով:

«Եկեք չկենտրոնանանք նրա վրա, թե կոնկրետ ում էր ուղղված այդ ելույթը: Այն ուղղված էր բոլորին, որ կարողանանք լուծել խնդիրները` առանց մեկս մյուսիս մեղադրելու»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ արդյունք կտա նախագահի այս ելույթը, եթե նրա նախորդ ելույթներից հետո էլ  գրեթե ոչինչ չի փոխվել, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, որ թեև նախկինում նախագահը նման ելույթներ ունեցել է, սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանի քաղաքական համակարգն ունեցել է համակարգային խնդիր, և դրա լուծումը կտան սահմանադրական փոփոխությունները:

«Շատ չինովնիկներ կաշկանդված են լրատվությամբ, իրենք նախընտրում են բան չանեն, որ չբարձրաձայնվի, քան թե մի բան անեն ու քննադատվեն»,- ասաց պատգամավորը: