Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ, գյուղապետի պաշտոնակատար նշանակվեց նույն գյուղի բնակիչ Արմենուհի Մելիքյանը: ՀՀԿ-ական մարզապետի որոշումը, սակայն, միանշանակ չընդունվեց պռոշյանցիների կողմից, եւ նրանք, ընդդիմանալով մարզպետի որոշմանը, թույլ չտվեցին, որ մարզպետի դրածոն անցնի իր պարտականությունների կատարմանը: Եվ արդեն մի քանի օր անց` հունիսի 17-ին, Արմենուհի Մելիքյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Արմենուհի Մելիքյանին հետո արդեն բոլորս տեսանք Պռոշյանի գյուղապետի ընտրություններում ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի թիմում աշխատելիս. նա ընտրությունների ժամանակ Արթուր Մուրադյանին վստահված անձն էր: Տիկինն հենց այդ օրերին էլ, օգտվելով առիթից, շտապել էր հայտարարել, որ եթե գյուղապետարանում աշխատելու առաջարկ ստանա, ապա կաշխատի ՀՀԿ-ական Մուրադյանի թիմում... Տիկնոջ ցանկությունը, կարծես, ի կատար է ածվել:
Այսօր, երբ Yerkir.am-ի թղթակիցը, սույն տիկնոջը տեսնելով Արթուր Մուրադյանի աշխատասենյակում հարմարավետ տեղավորված, փորձեց պարզել` արդեն գործի՞ է անցել, արժանացավ նրա զայրույթին: Տիկինը, նախ տեղեկանալով, որ թղթակիցը Yerkir.am-ից է, հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել Yerkir.am-ի թղթակցի որեւէ հարցի, մինչդեռ մինչ այդ տիկինը համառորեն միջամտում էր լրագրողների եւ գյուղապետի զրույցին եւ փորձում պատասխանել Արթուր Մուրադյանի փոխարեն:
Մեր թղթակցի` «հիմա, ի վերջո, Դուք այստե՞ղ եք աշխատում» հարցին, ըիկինը պատախանեց. «Իսկ դա Ձեզ խանգարո՞ւմ է»:
Իսկ երբ նույն հարցը տվեց մեկ այլ լրագրող, տիկինը սիրով եւ հպարտությամբ պատասխանեց, որ դեռ չի աշխատում, նոր է պատրաստվում անցնել աշխատանքի:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով գյուղապետարանի աշխատակազմի հրաժարականի փաստին` Արմենուհի Մելիքյանը հայտարարեց. «Ես այն կինն եմ, ում այս կոլեկտիվը չընդունեց ժամանակավոր պաշտոնակատար: Դուք իրենց հարցրեք` նման անբարո կեցվածքի համար իրենք ուրա՞խ են, երբ որ ինձ թույլ չտվեցին ներս մտնել»:
«Հիմա, երբ այդ նույն կոլեկտիվը հրաժարական է տվել, իսկ Դուք այստեղ` գյուղապետի սենյակում եք նստած, հավանաբար Ձեզ հաղթանակած եք զգում»,- հարցրեց մեր թղթակիցը: «Ինձ ընդունել, չընդունելն իրենց խնդիրն է, ես դրանից չեմ դադարում ապրել: Ես շատ սովորական եմ ինձ զգում, ես պատերազմ չեմ գնացել, որ հաղթեմ, ես ո'չ հաղթել եմ, ո'չ պարտվել»,- հայտարարեց տիկինը:
Նշենք, որ Արմենուհի Մելիքյանի հետ միասին գյուղապետի աշխատասենյակում էր նաեւ Սուսաննա Գաբրիելյան անուն-ազգանունով մի տիկին: Գյուղապետը տեղեկացրեց, որ վերջինս լինելու է իր տեղակալը` ՀՅԴ-ական Վովա Սահակյանի փոխարեն: