կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-05 21:19
Իրավական

Սահմանադրական դատարանը 20 տարեկան է

Սահմանադրական դատարանը 20 տարեկան է

Փետրվարի 5-ին Կառավարության ընդունելությունների տանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսություն։ Ողջունելով հյուրերին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հակիրճ ներկայացրեց Սահմանադրական դատարանի ստեղծման անհրաժեշտությունն ու կառույցի անցած 20-ամյա ճանապարհը։ 

Հանդիսությանը մասնակցում էին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակներ, խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ նախարարներ, կառավարության անդամներ։

Հանդիսությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Վերջիններիս բաժանվեց անգլերեն եւ ռուսերեն լեզուներով Գ. Հարությունյանի ելույթի տեքստը։

Իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների միությունների նախագահները, ՀՀ մարզպետները, ԲՈՒՀ-երի ռեկտորներ։

Ներկաներին բաժանվեցին ՀՀ ՍԴ-ի նոր հրատարակություններ՝ Գ. Հարությունյանի «Սահմանադրական մշտադիտարկում» գիրքը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով, ՀՀ ՍԴ-ի տարեկան հաղորդումը՝ «ՍԴ ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ», «Конституционное правосудие» ամսագիրը, «Ալմանախ» քառալեզու տարեգիրքը։

Հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը: