կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 14:49
Քաղաքական

ՀՅԴ-ն ցանկանում է իշխանության որակը փոխել. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ-իշխանություն համագործակցությանը և հստակեցրեց` ինչն է պատճառը, որ իշխանության հետ համագործակցության գնացին հենց այս փուլում:

«Այս Սահմանադրությունից բխում են տասը-տասնհինգ շատ կարևոր օրենքներ, բխում են մոտ 400-ից ավելի օրենքների փոփոխություններ, որոնց մեջ պետք է լինել համահեղինակ: Փորձը ցույց տվեց, որ եթե դու դրսից ես խոսում, քո ասածներն այդքան չի արձանագրվում հետագա տեքստերի մեջ: Ուզում ենք համահեղինակ լինել բոլոր այս օրենքների ընդունման հարցում: Սա գլխավոր նպատակն է: Կողքից` միայն դիտորդի դերում հանդես գալով` մենք այդ խնդիրը չէինք կարող լուծել: Սա է ամբողջ նպատակը, որ մենք գնանք ավելի սերտ համագործակցության` հասկանալով, որ շատերը կարող են դա տարբեր կերպ մեկնաբանել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` երբ Դաշնակցությունը որոշում է ինչ-որ քայլ անել, անում է: «Ով ինչ ուզում է խոսի, վերջում արդյունքները ցույց կտան ամեն ինչ: Ոչինչ, թող այս ընթացքում մենք վարկանիշի անկում ունենանք. իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է` մենք այս գինը վճարենք, քան ազգովի պետությունը կորցնենք: Դրա համար ենք մենք այս ճանապարհով գնացել և չենք էլ վախեցել մեր վարկանիշի ժամանակավոր կորուստից: Մենք վստահ ենք եղել, որ վերջում արդյունքները շատ ավելի կարևոր են, քան այն, ինչ խոսեցին մեր մասին»,- ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ ոչ միայն իշխանությունն է վատ վիճակում, այլ նաև ամբողջ երկիրը: «Նրանք հասկացան, որ պետք է գնան այս փոփոխություններին, քանի որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Ոչինչ, թող այս ընթացքում էլ մի քիչ հայհոյեն: Հանուն գալիք վառ խարույկի, ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող հիմա ծխանք: Դաշնակցությունը չի կարող պարզ սխեմաներով առաջ գնալ, սա պարզունակ կուսակցություն չէ. 32 երկրում Դաշնակցությունը կառույցներ ունի, ցույց տվեք մեկին, որ դա ունի: Եթե ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է մեկից, բայց նրան է ձայն տալիս, ուրեմն մեր երկրում մի բան այն չէ: Մենք ուզում ենք համակարգը փոխել: Եթե միայն այդ դաշտն է մնացել, մենք պատրաստ ենք այդտեղ պայքարել: Ընդդիմությանը միացանք, մտանք քառյակ, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, մենք մեր խնդիրները կլուծեինք: Չդիմացան անգամ մի երկու ամիս, նշանակում է` սխալ մարտավարություն էին ընտրել: Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս խնդիրն է դա: Այդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում է: Իրավիճակի մեջ իրական ազդեցություն ունեցողը նա է: Մենք մտնում ենք դրա համար, մտնում ենք, որ իշխանության որակն էլ փոխենք, երկրում իրավիճակ փոխվի»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը: