Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ն իր տեսակետները հայտնել է և կողմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի նախագծին:
Անդրադառնալով Դաշնակցության՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափին` նա նշեց, որ հակված են գնալ առանձին, ինչպես միշտ է եղել:
«Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով: Հետագայում կերևա: Բայց քանի մի քիչ ժամանակ կա, և դեռ հայտնի չէ՝ ով է հայտ ներկայացնելու, ինչ ծրագրերով, և ովքեր են խաղի մեջ մտնելու, դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, նա նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կախված չէ ո՛չ ընտրությունների հետ, ո՛չ էլ` կառավարության ձևավորման գործընթացի:
«Մենք այդ համագործակցության մասին հայտարարել ենք` նպատակները հռչակելով, և այդ նպատակների շուրջ է, որ համագործակցում ենք: Դա կապված չէ որևէ այլ ձևաչափի հետ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Մեր համագործակցության մեջ ժամկետներ չկան: Շատ հստակ արձանագված է համագործակցության ընդհանուր տրամաբանությունը: Այն հիմնականում վերաբերում է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու պրոցեսներին: Սա մեծ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա հստակ ժամանակահատվածներով, որոնք արձանագրված են Սահմանադրության անցումային դրույթներում»:
Լրագրողները դաշնակցական գործչից հետաքրքվեցին, թե ինչ կարծիքի է Սերժ Թանկյանի հայտարարություններին /հիշեցնենք Սերժ Թանկյանը հայտարարել է թե Հայաստանում ընտրությունները թափանցիկ չեն և ինքը ապրիլին գալու է Հայաստան՝ ընտրական գործընթացներին հետևելու/:
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին՝ որպես դիտորդ: Ես վստահ եմ, որ նա իսկապես կտեսնի, որ աննախադեպ ընտրություններ տեղի կունենան, որովհետև այն, ինչ մենք փոխել ենք ընտրական համակարգի մեջ, նախադեպը չունի»,- ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ բոլոր այն խնդիրները, որոնք կապված էին իշխանությունների վերարտադրության մեխանիզմները արմատախիլ անելու հետ, կատարել են, և այսօր իսկապես ունենք մի ընտրական համակարգ, որով թե՛ ընտրությունները կանցնեն այնպես, որ իշխանությունները պահպանեն իրենց դիրքերը` վերընտրվելով, ոչ թե վերարտադրվելով, թե՛ ընդդիմությունը կկարողանա հաջողել ընտրություններում և իշխանափոխություն իրականացնել:
«Բոլոր կեղծիքների դռները, որոնք մինչև հիմա բաց էին, և հիմնականում դա կատարվում էր բազմակի քվեարկությունների միջոցով, դրանց դեմն առնող մեխանիզմները մենք ամրագրել ենք, և այս ընտրություններն իսկապես աննախադեպ են լինելու»,- ասաց պատգամավորը:
Ռուստամյանը կարևորեց նաև այն փաստը, որ ընդդիմության համար նախատեսվել է նվազագույն մանդատների քանակ, և որ, անկախ ընտրությունների արդյունքներից, ընդդիմությունը խորհրդարանում կունենա մեկ երրորդից ոչ պակաս ներկայացվածություն:
«Մենք կունենանք մի նոր քաղաքական համակարգ` իշխանությունները զսպված են լինելու, որովհետև չի լինելու մեկը, որ ունենա այսօրվա նախագահի լիազորությունները: Սահմանադրորեն նախատեսված իշխանության երեք ճյուղերը տարանջատված են լինելու, և ամենակարևորը` ընտրությունները տալու են հնարավորություն ձևավորելու ընդդիմություն-իշխանություն` իրար հակակշռող մի համակարգ, որը Հայաստանում երբեք չի եղել»,- ընդգծեց Ռուստամյանը: