Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում
Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր:
Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը և տպավորություն ստեղծվի, թե այս ընտրությունները շատ-շատ կարող են լուծել ձեր աղբահանության, ասֆալտապատման կամ վերելակների ու շենքների հարցերը: Արդյունքում` զրոյացվի հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ, և ժողովուրդը մղվի պասիվության: Որպեսզի չվտանգվի իրենց իշխանությունը, և պահպանվի իշխող կուսակցության միահեծան կառավարումը:
Որ այդպիսին չէ իրականությունը, ակամայից փաստում են հենց իրենք՝ իշխանությունները, գործի դնելով ընտրակեղծիքների ողջ զինանոցը: Կրկին ականատեսն ենք այն բանի, որ պետական համակարգը ընտրությունների ընթացքում սահուն կերպով վերածվում է իշխանություններին սպասարկող ընտրական համակարգի, երբ պետական ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները ստիպողաբար պարտավորվում են աշխատել իշխող կուսակցության օգտին: Եվ այս խնդիրը դրված է ոչ միայն Երևանի, այլև մարզերի առջև: Բազմաթիվ են ահազանգերը ոչ միայն ընտրակաշառքների լայն կիրառման և բազմակի քվեարկությունների նախապատրաստման մասին, այլև ոչ երևանցիներին Երևանում հաշվառելու վերաբերյալ:
Եթե, ձեր ասելով, միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել ու կրկին կառչում եք ձեր փրկօղակից՝ ձեր հարազատ ընտրակեղծիքների մեքենայից: Ուրեմն իրականությունը բոլորվին այլ է:
Հօգուտ Դաշնակցությանը տված իր քվեով երևանցին կարող է չսպասել ևս 5 տարի, այլ փոխելով քաղաքապետին, անել այն, ինչը չհաջողվեց անել՝ չկարողանալով փոխել նախագահին: Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը: Որովհետև հաստատելով երևանցու իշխանությունը Երևանում, կհաստատվի, ի վերջո, հայաստանցու իշխանությունը Հայաստանում:
Որովհետև՝
- վերջ կդրվի երկրում հաստատված մենիշխանությանը,
- կյանքի կկոչվի արմատական համակարգային փոփոխություններին բերող` մեր առաջարկած գործողությունների հստակ ծրագիրը,
- ակնհայտ կդառնան իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված քաղաքական համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը:
Երևանցին անձամբ և անմիջապես կզգա ընդդիմության բերած փոփոխությունների դրական հետևանքները:
Սիրելի' երևանցիներ, թույլ մի' տվեք ձեզ մոլորության մեջ գցեն և, արժեզրկելով ձեր ընտրության նշանակությունը, մղեն ձեզ պասիվության: Ովքեր ուզում են փոփոխությունները հիմա տեսնել և չսպասել ևս 5 տարի, մայիսի 5-ը դրա ամենալավ առիթն է:
Եկե'ք այս ընտրություններին մեր ակտիվ մասնակցությամբ ևս մեկ անգամ ասենք` ո'չ այս իշխանություններին, և մայիսի 5-ի քվեարկությունը վերածենք իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Սա լիովին իրագործելի է: Մի' կորցրեք այս պահը: Տվե'ք Դաշնակցությանը հնարավորություն փոխելու Երևանը, որ Երևանն էլ փոխի Հայաստանը:
30.04.2013թ.