Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` մեկնաբանելու վերջին օրերին աղմուկ հանած մի խնդիր, այն է` դաբաղ հիվանդությունը կենդանիների շրջանում:
Հովհաննես Մկրտչյանը նախ նշեց, որ սննդի անվտանգության պետական ծառայության 630 անասնաբույժ ամենօրյա վերահսկողություն է իրականացնում: Պաշտոնյայի խոսքով` Հայաստանում չի կարող դաբաղով հիվանդ կենդանիներից պատրաստված մսամթերք ու կաթնամթերք վաճառվել: Գրանցվել է ընդամենը մեկ դեպք, և կենդանին ոչնչացվել է:
Հարցին, թե ի՞նչ վտանգ է սպառնում, եթե մարդն ուտի դաբաղով վարակված միս, Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց, որ անգամ ուտելու դեպքում ոչինչ չի սպառնում, որովհետև ջերմային մշակման է ենթարկվում միսը: Միայն մանկահասակ երեխաների բերանում կարող են վերքեր առաջանալ, եթե խմեն հում կաթ:
«Մենք ևս ուտում են շուկայից գնված մսամթերք ու կաթնամթերք: Եթե վտանգավոր ինչ-որ բան լիներ, տեղյակ կպահեինք ազգաբնակչությանը: Բոլորն առանց վախենալու կարող են գնել մսամթերք ու կաթնամթերք»,- ասաց նա:
Խոսելով այն մասին, թե ինչ նշաններ կարող են վկայել, որ կենդանին վարակված է դաբաղ հիվանդությամբ, Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ եթե կենդանու բերանի խոռոչում, կրծքի կամ կողերի վրա վերքեր են նկատվում, ապա կենդանին հիվանդ է դաբաղով: Նա հայտնեց, որև դաբաղ հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, իսկ Հայաստանում գրանցվել է դաբաղի վարակման մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի` Հայաստանից մսի ներմուծման ժամանակավոր արգելանքին, Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ 1 տնտեսության մեջ գրանցվել է երկու հիվանդ խոզի և մեկ խոշոր եղջերավոր անասունի հիվանդացության դեպք: Բոլոր կենդանիները ոչնչացվել են և համապատասխան ձևով թաղվել: Ըստ նրա` սա դաբաղի նոր տեսակ է, և հիվանդության գրանցվելուց հետո լաբորատորիայում իրականացված հետազոտության նմուշառումն ուղարկվել է ՌԴ-ի կենդանիների առողջության գիտահետազոտական ինստիտուտ` պարզելու` դաբաղի նոր տեսա՞կ է, թե՞ ոչ: Հունվարի 14-ին պատասխան են ստացել, որ նոր տեսակ է:
Ըստ Մկրտչյանի` ՀՀ գյուղնախարարությունը ՌԴ համապատասխան պաշտոնյաների հետ անում է ամեն ինչ՝ հարուցիչի տարածումը կանխելու համար: ՍԱՊԾ պաշտոնյան միաժամանակ նշեց, որ տարածված լուրերից հետո երկու երկիր, որոնց անունները հրաժարվեց հրապարակել, երեկ հրաժարվել են ընդունել հայկական ապրանքները: