Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերքաբերցի Աղասի Թամրազյանի հոբբին ուրախ-ժամանցայիններից չէ, ավելին ՝ վտանգավոր է կյանքի համար: 34-ամյա երիտասարդն արդեն 20 տարի ձկնորսությամբ է զբաղվում Ջողազի ջրամբարի հայկական ափին՝ ադրբեջանցի դիպուկահարների ուղիղ նշանառության տակ:
Աղասու երկու ոտքերն էլ վիրավոր են: Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերյան առավոտ էր, կարթով դիրքավորվել էր Ջողազի ափին, դեռ ձուկ էլ չէր բռնել, երբ հակառակորդն սկսեց կրակել: «8 անգամ կրակեցին, երկուսը կպավ ինձ»,- պատմում է Աղասին: Առաջինն օգնության են հասել հենակետի զինվորականները, բուժօգնություն ցուցաբերել: Գնդակներից մեկը ոտքի վերին, մյուսը ՝ կրունկի հատվածին էր դիպել: Երկու ոտքից վիրավոր ձկնորսը կարծում է՝ բախտը բերել է. «Ջլերս չեն կտրվել, էլի»: Քայլում է, ասում. «Նենց եմ անում` չջոկվի»:
Անցյալ տարվա այս դեպքը, սակայն, բոլորովին էլ չի նվազեցրել Աղասու սերը վտանգավոր ձկնորսության նկատմամբ: Նախատոնական այս օրերին նրանց տան սառնարանը լի է սահմանային ջրամբարի համեղ ձկներով. Մայրը ՝ տիկին Սիրանույշը, սառցախցից հանում է զանազան փաթեթներ, որոնց մեջ սառած, փայտացած ձկներն են` սազան, կարպ, կողակ… Ջողազի ձկնային տեսականին շատ հարուստ է և ամենակարևորը` բնական: Տիկին Սիրանույշը 20 տարվա ձկնորսի մայր է, դեռ չի կողմնորոշվում` խաշա՞ծը, թե՞ տապակածն է ավելի համեղ: «Ոնց ուզում ենք, նենց էլ անում ենք»,- ասում է նա: Ինքը՝ Աղասին, սեղանը սեղան չի համարում, եթե ձուկ չկա:
Տարիներ առաջ Ջողազի ջրամաբարն իր ափերին էր հավաքում նաև ադրբեջանցի ու վրացի ձկնորսների, հիմա մնացել են բերքաբերցի մի քանի ձկնորսներ՝ Աղասին ու նրա «գործընկերները» : Շատերի համար ձկնորսությունը հոբբի չէ, այլ եկամուտ ստանալու և Բերքաբերում մնալու հնարավորություն:
Օրերը տաքանան, Աղասին հին համառությամբ էլի ափ է իջնելու. հակառակորդը հենց դեմ-դիմաց է, այնքան մոտ, որ ձկնորսները նրանց տեսնում ու լսում են: Ռիսկային զբաղմունքը թողնելու հորդորներին ի պատասխան՝ ցույց է տալիս գյուղում հակառակորդի գնդակներից ու ռումբերից ավերված տները: «Դրանք էլ հո ափին չե՞ն»,,- ասում է Աղասին և, ի վերջո, անցնում «ամենաանառարկելի» փաստարկին. «Հա՛մ ձկնորսության սիրահար եմ, հա՛մ էլ ուրիշ ի՞նչ անեմ…»: