կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-09 13:49
Քաղաքական

Եթե մարդիկ դժգոհ են, ո՞ւր են բողոքները. ՀՀԿ

Եթե մարդիկ դժգոհ են, ո՞ւր են բողոքները. ՀՀԿ

Հանրաքվեն համարվում է կայացած, կան կոնկրետ թվեր, փաստեր, և դրանից հետո աղմուկն ուղղակի շատ շինծու է. լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա` եթե նույնիսկ նայում ենք գրավոր բողոքների թվին, դրանք նույնպես փաստում են, որ հանրաքվեն կայացել է և արտահայտում է ժողովրդի կամքը:

«Կեղծիքների մասին, կարծում եմ, շատ կասեն-կխոսեն, բայց փաստերն այլ բանի մասին են խոսում: Եթե մարդիկ դժգոհ են, ո՞ւր են բողոքները»,- ասաց պատգամավորը:

Ավետիսյանը նշեց նաև, որ Սահմանադրության փոփոխությունից հետո մեզ սպասվում է մի շարք օրենքների փոփոխություն: «Կունենանք, ամենակարևորը, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որը հնարավորություն կտա ունենալու ավելի թափանցիկ ընտրություններ»,- ասաց նա:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, սակայն, նշեց, որ հանրության շրջանում կան բողոքներ, և հանրաքվեի արդյունքները գոհացուցիչ չեն:  Ըստ նրա` հաշվիչ հանձնաժողովներին մարդիկ չեն վստահում:

Ավետիսյանը, ի պատասխան, նշեց, որ Արշակյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ եթե չենք վստահում հանձնաժողովներին, նշանակում է` չենք վստահում 50 000 մարդու: «Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ կունենանք նորմալ ընդդիմություն, որը ժողովրդին կներկայացնի իր ծրագիրը, և ժողովուրդը կգնա այդ ծրագրի հետևից»,- ասաց պատգամավոր:

Ըստ նրա` ինչ-ինչ խախտումներ եղել են, բայց չի կարելի հիմնվել դրանց վրա և ասել, թե ընտրությունները կեղծված են եղել: Խախտումները, ըստ Ավետիսյանի, չնչին տոկոս են կազմել:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ դասակարգային մոտեցում կա` իշխանությունը կարծես թշնամի լինի: Նա բարձրացրեց մեկ այլ խնդիր` ովքեր են ընտրողները: Ըստ նրա` մեր ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, իսկ տան տղամարդիկ բացակայում են երկրից: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, ապա, Ադիբեկյանի կարծիքով, իշխանականների 25 տոկոսը քվեարկել է դեմ, իսկ ընդդիմադիր երկու կուսակցություն կոչ է արել, որ կողմ քվեարկեն: 

Ադիբեկյանի կարծիքով` հիմա իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ընկերություն անեն և միասին փորձեն ինչ-որ բանի հասնել: