Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է: Խեչոյանն այսօր կդառնար 60 տարեկան:
Խեչոյանի առաջին ժողովածուն լույս է տեսել 1991-ին` «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995-ին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը։ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը թարգմանված է ռուսերեն: 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։
2013-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով. «Շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»: Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին: Խեչոյանը մասնակցել է Արցախյան պատերազմին:
Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Խեչոյանը մահացել է 2014-ի հունվարի 8-ին` երկարատև հիվանդությունից հետո:
Ներկայացնում ենք մի փոքր հատված Խեչոյանի «Պատմվածքներ: Հատվածներ հարցազրույցներից» գրքից:
«Բոլոր ժամանակներում էլ իշխանության և ժողովրդի միջև մրցակցություն է ընթանում: Իշխանությունները միշտ էլ ժողովրդական հերոսներին զուգահեռ` իրենց ստեղծած կեղծ (պսևդո) հերոսներին են ասպարեզ հանում, որոնք հասարակությանը ուղղորդելու, ցանկացած պահի նրա միակամության մեջ խառնակչություն առաջացնելու, հեշտ կառավարելու ատրիբուտներից մեկն են: Բայց, ի վերջո, ժողովրդի միջից ելած հերոսն է ապրում: Ժողովուրդը չգիտակցված, բայց գոյություն ունեցող մի զգայարանով, որով աստղի ընկնելը, տարվա երաշտ լինելը, կնոջ` տղա կամ աղջիկ բերելն են գուշակում, այդպես էլ հերոսին` Անդրանիկին, Նժդեհին, Մանթաշովին է ճանաչում: Նրան կորցնելուց` ամբողջ մարմինը տնքում է, ինձ թվում է` հերոս դառնալու խորհուրդը հենց այդ տնքոցի մեջ էլ թաքնված է»: